Հայաստանը վեց իրանցի բանտարկյալ է արտահանձնել Երեւանում Իրանի դեսպանատուն, նրանք նախօրեին տեղափոխվել են Թեհրան։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության մարդու իրավունքների եւ միջազգային հարցերով արդարադատության փոխնախարար Ֆաթթահ Ահմադին, փոխանցում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ Հայաստանում Իրանի քաղաքացիները դատապարտվել են թմրամիջոցների եւ արգելված նյութերի մաքսանենգության համար։ Մնացած ժամկետը նրանք կանցկացնեն Իրանի բանտերում։

Նա նշել է, որ սա իրանցի բանտարկյալների 11-րդ արտահանձնումն է Հայաստանից՝ երկու երկրների միջեւ բանտարկյալների արտահանձնման համաձայնագրի շրջանակներում։