Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան Թուրքիա կատարած այցից առաջ հայտարարել էր, որ կոչ կանի այդ երկրին Ռուսաստանի համար արեւմտյան պատժամիջոցները շրջանցելու հարթակ չդառնալ։
Սակայն նա իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ ասուլիսը լքեց առանց այդ կոչի, թերեւս՝ հրապարակավ։ Փոխարենը, Անկարայում ասուլիսը Չավուշօղլուի համար Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին քննադատելու եւ մահմեդական համայնքը «հարձակումներից եւ այլատյացությունից» պաշտպանելու կոչի վերածվեց, գրում է Ahval-ը։
Ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ մինչ Կոլոննայի երկօրյա այցը ֆրանսիացի պաշտոնյաները հայտարարել էին, որ նա կկենտրոնանա ռուսական պատժամիջոցների խախտումների խնդրի բարձրացման վրա. «Եվրոպան պատժամիջոցներ է կիրառել, դա արել է նաեւ ԱՄՆ-ն, ինչպես մյուս դաշնակիցներն ու գործընկերները, բայց ոմանք չեն որդեգրել պատժամիջոցների քաղաքականությունը, օրինակ՝ Թուրքիան… Կարեւոր է, որպեսզի այդ երկրները պատժամիջոցները շրջանցելու հարթակ չդառնան»:
Ըստ ֆրանսիական Agence France-Presse լրատվական գործակալության՝ Կոլոննան աշխատում էր խուսափելու հանրային վեճի կրկնությունից, որը ծագեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալեն Բերբոքի՝ հուլիսին Անկարա այցի ժամանակ: Բերբոքը ճնշում էր գործադրել Չավուշօղլուի վրա՝ Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների հետ կապված, եւ տարածաշրջանային վեճում բացահայտորեն անցել էր Հունաստանի կողմը՝ առաջացնելով Չավուշօղլուի բուռն արձագանքը:
Ինչ վերաբերում է Հունաստանին, Կոլոննան հայտարարել էր, որ Չավուշօղլուի հետ քննարկել է երկու հարեւանների միջեւ ավելի ու ավելի դաժան դառնող բանավոր պատերազմը՝ կոչ անելով նրան խուսափել «ցանկացած էսկալացիայից՝ բանավոր կամ այլ»:
Մամուլի ասուլիսին Չավուշօղլուն Մակրոնի՝ անցյալ ամիս Ալժիր կատարած այցի ժամանակ արված մեկնաբանությունները որպես «անհաջող» էր բնութագրել։
Մակրոնը Թուրքիայից, Չինաստանից եւ Ռուսաստանից ցանցերին մեղադրել էր Ֆրանսիային որպես թշնամի ներկայացնելու մեջ։ «Քաղաքական իսլամի շատ ակտիվիստներ թշնամի ունեն՝ Ֆրանսիան: Շատ ցանցեր, որոնք գաղտնի առաջ են մղվում Թուրքիայի, Ռուսաստանի, Չինաստանի կողմից, Ֆրանսիան թշնամի են համարում»,- ասել էր Մակրոնը։
«Սխալ է Թուրքիային որպես մրցակից դիտարկել,- ասել էր Չավուշօղլուն:- Եթե Ֆրանսիայի համար դժվար լինի վերադառնալ աֆրիկյան որոշ երկրներ, մենք կարող ենք օգնել Ֆրանսիային, քանի որ Թուրքիան հուսալի գործընկեր է»:
Անցյալ ամիս ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նամակ էր հղել թուրքական ընկերություններին, որում նախազգուշացրել էր պատժամիջոցների մասին, եթե նրանք առեւտուր անեն ռուսական ընկերությունների հետ, այդ թվում՝ զրկելով նրանց դոլարի հասանելիությունից:
Չավուշօղլուն նախազգուշացրել էր Կոլոննային Եվրոպայում ռասիզմի եւ իսլամաֆոբիայի աճի մասին եւ ասել, որ խնդրի լուծումը բխում է Ֆրանսիայի եւ Թուրքիայի շահերից:
«Մենք հավատում ենք, որ Ֆրանսիան չի հրաժարվի ողջամտությունից»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ Ֆրանսիայի կառավարությունն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի մզկիթների, ինչպես նաեւ երկրում բնակվող թուրքական եւ մահմեդական համայնքների անվտանգության ապահովման համար։




























