Իտալիան նախատեսում է ձմռանը նվազեցնել տների եւ ձեռնարկությունների ջեռուցման ջերմաստիճանը՝ գազի սպառումը կրճատելու եւ ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցման հետ կապված ռիսկերը նվազեցնելու համար, հայտնում է Reuters-ը։
Մինչեւ ուկրաինական պատերազմը Իտալիան իր գազի մոտ 40 տոկոսը ներկրում էր Ռուսաստանից, բայց արագ անցավ այլընտրանքային աղբյուրների որոնմանը՝ Մոսկվայից իր կախվածությունը նվազեցնելու համար:
Կառավարության հայտարարած ծրագրի համաձայն՝ բազմաբնակարան շենքերում եւ հասարակական այլ շենքերում ջերմաստիճանը կկարգավորվի 19 աստիճանի (ըստ Ցելսիուսի) սահմաններում՝ մեկ աստիճանով ցածր, քան նախկինում։ Արդյունաբերական տարածքների համար կսահմանվի 17 աստիճան: Ջեռուցումն օրական մեկ ժամ պակաս կմիացվի։
Հռոմը նաեւ բանակցություններ է վարում Confindustria արդյունաբերական լոբբիի հետ՝ կամավոր հիմունքներով գազի սպառման հետագա կրճատման շուրջ պայմանավորվելու համար:
Իտալիան հուսով է, որ սահմանափակումները օգոստոսից մարտ ընկած ժամանակահատվածում կնվազեցնեն գազի սպառումը 3,2 միլիարդ խորանարդ մետրով, եւ մտադիր է կրճատել եւս 2,1 միլիարդ խորանարդ մետր՝ օգտագործելով էլեկտրաէներգիայի արտադրության վառելիքի այլընտրանքային աղբյուրներ:
Ի թիվս բազմաթիվ միջոցառումների, փաստաթուղթը նախատեսում է ածխով եւ նավթով աշխատող էլեկտրակայանների հզորության ավելացում, ինչը կհանգեցներ գազի սպառման շուրջ 1,8 միլիարդ խորանարդ մետրով կրճատման։
Խնայողությունը կարող է մեծացվել այլ միջոցների հաշվին, որոնք խրախուսում են օգտագործողներին եւ ձեռնարկություններին կրճատել սպառումը, ինչը նշանակում է, որ ընդհանուր պահանջարկը կարող է նվազել 15 տոկոսով կամ առնվազն 8,2 մլրդ խորանարդ մետրով՝ համաձայն Եվրամիության ավելի լայն ծրագրերի:
Իտալիան սեպտեմբերի սկզբի դրությամբ 83 տոկոսով լցրել է գազի իր պահեստարանները, ասվում է փաստաթղթում։





























