Ես դիմեցի Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ պահեստազորայինների եռամսյա հավաքի վայր այցելելու թույլտվություն ստանալու խնդրանքով, սակայն ինձ մերժեցին՝ բացատրելով, որ իբր անձնակազմն ընտելանալու եւ հարմարվելու փուլում է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորն այս փաստարկն անվանեց արհեստական, քանի որ ՊՆ պարզաբանման շարունակության մեջ նշվում է, որ անձնակազմի մի մասը հերթապահության մեջ է գտնվում։ Այսինքն՝ մի բացատրությունը հակասում է մյուսին, քանի որ քանի դեռ մարդը պատրաստ չէ, նրան հերթապահության մեջ ներգրավելը վտանգավոր է։
«Ես եւ Տիգրան Աբրահամյանը մի քանի անգամ դիմել ենք մարտական դիրքեր այցելելու եւ առաջնագծում ծառայության պայմաններին ծանոթանալու խնդրանքով, սակայն մեզ ամեն անգամ մերժել են։ Պաշտպանության նախարարությունը ձգտում է նրան, որ մենք չիմանանք գործերի իրական դրության մասին։ Ավելի վաղ՝ հավաքների մեկնարկից առաջ, հաշվի առնելով, որ որդիս նույնպես ծանուցագիր է ստացել եւ գտնվում է անազատության մեջ, ես զորակոչի հայտ եմ ներկայացրել։ Կոնկրետ պնդել եմ, որ հաշվի չառնեն այն փաստը, որ ես պատգամավոր եմ։ Բայց ինձ, այնուամենայնիվ, մերժել են՝ այն հիմքով, որ ես պատգամավոր եմ»,- հավելեց նա։
Այս հավաքներն ունեն իրենց առանձնահատկությունները, քանի որ նախորդել են քաղաքական հայացքներից ելնելով մարդկանց հավաքներ կազմակերպելու կոչին ընտրովի մոտեցման մասին Փաշինյանի համախոհ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։
Մանուկյանը հայտնեց, որ հավաքներին զորակոչվածների կարեւոր մասն ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք են։ «Բացի այդ, տեղեկություն կա, որ մարդիկ հավաքների են կանչվել ոչ թե ՊՆ ցուցակների հիման վրա, այլ իրավապահ մարմինների ցուցակների հիման վրա։ Սա խայտառակություն է»,- հայտարարեց Մանուկյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ այժմյան հավաքների ընթացքում ողբերգական իրադարձություններ են գրանցվել, այդ թվում՝ զինակոչիկների մահ։











