Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը խոստացել է «լուծել այն խնդիրները, որոնք զսպում են Բրիտանիային»։

Թագուհի Եղիսաբեթ II-ի կողմից պաշտոնապես նշանակվելուց ժամեր անց որպես երկրի առաջնորդ Դաունինգ Սթրիթ 10-ի մոտ իր առաջին ելույթում Թրասն ասել է, որ կենտրոնանալու է Մեծ Բրիտանիայում էներգետիկ ճգնաժամի հաղթահարման, տնտեսության համար պայքարի եւ ծանրաբեռնված առողջապահության վրա: Նա խոստացել է զարգացնել տնտեսությունը եւ Մեծ Բրիտանիան դարձնել «ձգտման ազգ», սակայն խոստովանել է, որ երկիրը բախվում է «լուրջ գլոբալ խոչընդոտների»՝ կապված COVID-19-ի եւ Ուկրաինայի պատերազմի հետ, հայտնում է AP-ն։

Մեծ Բրիտանիան վերջին տասնամյակների իր վատթարագույն ճգնաժամն է ապրում, երբ գնաճը գերազանցում է 10 տոկոսը, իսկ էլեկտրաէներգիայի վճարները բարձրանում են ինչպես բիզնեսի, այնպես էլ տնային տնտեսությունների համար:

Թրասը վարչապետ է դարձել երկուշաբթի օրը՝ Պահպանողական կուսակցության ղեկավարության ընտրություններում հաղթելուց հետո։ Նա կփոխարինի Բորիս Ջոնսոնին ինչպես կուսակցության, այնպես էլ երկրի ղեկավարի պաշտոնում։

Թրասը, որը երկամսյա քարոզարշավի ընթացքում հրաժարվել է ներկայացնել իր էներգետիկ ռազմավարությունը, այժմ նախատեսում է սահմանափակել էլեկտրաէներգիայի վճարները, որոնք  հարկ վճարողների համար 100 միլիարդ ֆունտ սթեռլինգ կարժենան: Սպասվում է, որ նա իր ծրագիրը հինգշաբթի օրը կհրապարակի:

47-ամյա Թրասը պաշտոնը ստանձնել է երեքշաբթի կեսօրին՝ Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում, երբ թագուհի Եղիսաբեթ II-ը խնամքով կազմակերպված, դարավոր ավանդույթներով թելադրված արարողության ժամանակ նրան պաշտոնապես խնդրել է նոր կառավարություն ձեւավորել: Ջոնսոնը, որը երկու ամիս առաջ հայտարարել էր պաշտոնից հեռանալու մտադրության մասին, դրանից քիչ առաջ պաշտոնապես հրաժարական է տվել թագուհու հետ ունեցած իր հանդիպման ժամանակ:

Թագուհու 70-ամյա կառավարման ընթացքում առաջին անգամ է իշխանության փոխանցումը տեղի ունեցել Բալմորալում, այլ ոչ թե Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում։ Արարողությունը տեղափոխվել է Շոտլանդիա, քանի որ 96-ամյա թագուհին դժվարությամբ է տեղաշարժվում։

Որպես կուսակցության առաջնորդ՝ Թրասն ավտոմատ կերպով է դարձել վարչապետ՝ առանց համընդհանուր ընտրությունների անհրաժեշտության, քանի որ պահպանողականները դեռեւս մեծամասնություն ունեն Համայնքների պալատում։

Սակայն որպես ազգային առաջնորդ, որն ընտրվել է բրիտանացի մեծահասակների 0,5 տոկոսից պակասի կողմից, Թրասը ճնշման տակ է, որպեսզի արագ արդյունքներ ցույց տա:

Ընդդիմադիր Լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Էդ Դեւին երեքշաբթի օրը կոչ է արել արտահերթ ընտրություններ անցկացնել հոկտեմբերին, ինչը Թրասն ու Պահպանողական կուսակցությունը դժվար թե անեն, քանի որ թորիների վարկանիշը հարցումներում անկում է ապրում: