Անկեղծ ասած, ֆորումն ինձ դուր է եկել (այն, իհարկե, շարունակվում է), տպավորված եմ Վլադիվաստոկով՝ հիանալի վայր է. Հույս ունեմ, որ դեռ առիթներ կլինեն այցելել և ոչ միայն աշխատանքային նպատակով, այլ նաև այլ առիթներով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե, ինչպես Դուք արդեն նշեցիք, ընթացիկ տարին շատ կարևոր տարի էր մեր հարաբերությունների համար՝ նկատի ունեմ և՛ ՀԱՊԿ-ի, և՛ մեր երկկողմ հարաբերությունների հետ կապված հոբելյանները:
Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենամոտ գործընկերն ու ռազմավարական դաշնակիցը: Եվ հատկապես այս բարդ ժամանակներում շատ կաևոր են մշտական շփումները և դիրքորոշումների հստակեցումը:
Դուք նշեցիք, ես էլ եմ ցանկանում նշել ռուսաստանյան խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում: Պետք է խոստովանել, որ դա այնքան էլ հեշտ առաքելություն չէ: Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք դրա մասին: Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում, և ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է ընդգծել: Ընդհանրապես՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման իմաստով կան նրբություններ, որոնք մենք մշտապես քննարկում ենք և կարծում եմ` այսօր էլ շատ տեղին կլինի այդ հարցերը քննարկել:
Մեր երկրների առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցերը նույնպես ավանդական բնույթ են կրում: Շատ ուրախալի է, որ հետհամավարակային շրջանում մեր առևտրատնտեսական հարաբերությունները ոչ միայն վերականգվել են, այլ նաև որոշակի նոր դրական զարգացումներ կան, որոնց մասին մենք խոսեցինք ֆորումի ժամանակ:
Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, և ես վստահ եմ, որ այսօր նույնպես կունենանք բովանդակալից և հագեցած զրույց:
Եվս մեկ անգամ շնորհակալություն ջերմ ընդունելության համար»:











