ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում ասել է, որ ստեղծված համաշխարհային լարվածությունը կարող է հանգեցնել Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման եւ այն համեմատել է 2020 թվականի իրավիճակի հետ, երբ Ադրբեջանը՝ օգտվելով այն հանգամանքից, որ համաշխարհային հանրության ուշադրությունը բեւեռված է կորոնավիրուսային համավարակի վրա, պատերազմ սկսեց Արցախում։
Միջազգային հարաբերությունների տուրբուլենտության պայմաններում իրավիճակը, ըստ քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովի, կարող է պայթել ցանկացած վայրում։ Եվ Հարավային Կովկասը բացառություն չէ։
«Կարեւոր է հասկանալ, որ Հարավային Կովկաս տերմինը հորինվել է կեղծ գիտական արեւմտյան կենտրոններում, որպեսզի թեման կապեն մեկ պրոբլեմի մեջ՝ եթե կա Հյուսիսային Կովկաս, ապա կա նաեւ Հարավային Կովկաս։ Իրականում կա մեկ ընդհանուր Կովկաս։ Իսկ այն, ինչ կոչվում է Հարավային Կովկաս, Անդրկովկասն է, ավելի ճիշտ՝ Հայկական լեռնաշխարհը։
Ինչպես չկարգավորված հակամարտություն ունեցող ցանկացած այլ տարածաշրջան, Անդրկովկասը նույնպես վտանգի տակ է։ Այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Ես չգիտեմ, թե Ադրբեջանը ինչ է մտածում, բայց Ալիեւը հայտարարություններ է անում, որ մինչեւ տարեվերջ ակնկալում է խաղաղության պայմանագիր կնքել։ Տեսնենք՝ ինչքանով է անկեղծ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարտինովը։
Փաշինյանն իր ելույթում հույս է հայտնել Ռուսաստանի աջակցությամբ հարթել հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։
«Հայերի համար ավելի հեշտ է դատել Հայաստանի վարչապետի հայտարարության անեկղծության մասին։ Նա չպետք է հույսը դնի Բորելի վրա։ Նրա վրա հույս դնել հաստատ չես կարող»,- ասաց փորձագետը։
Իսկ Ռուսաստանը, ըստ նրա, պաշտպանում է իր շահերը, օգնում է իր դաշնակիցներին, գործընկերներին։
Քաղաքագետը վստահեցրեց, որ Ռուսաստանին ձեռնտու է միայն Կովկասում խաղաղությունը։
«Ժամանակն է խաղաղություն հաստատել։ Այլ հարց է, թե որտե՞ղ է փոխզիջումների սահմանը, եւ որ ամենակարեւորն է, դրանք պետք է փոխադարձ լինեն»,-հավելեց Մարտինովը։
Մեկնաբանելով Փաշինյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի եւ Ռուսաստանի դերի մասին հիշատակումը՝ փորձագետը Հայաստանի վարչապետի ելույթը համեմատեց ուսումնական հաստատությունում քննություն հանձնելու հետ։
«Ես ամբողջությամբ լսեցի Նիկոլ Փաշինյանի ելույթը եւ ինձ թվում է՝ նա թվարկեց այն ամենը, ինչ գիտեր, ազնվորեն ասաց ամեն ինչ։ Նա կարծես քննություն էր հանձնում։ Փաշինյանը բավական պարկեշտ տեսք ուներ, լավ էր խոսում, գրեթե չէր շեղվում։ Նա սովորաբար անհանգստացած եւ շփոթված է»,-եզրափակեց փորձագետը։
Արամ Դանիելյան




























