ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիային հայտարարել է, որ հունական կղզիների ինքնիշխանությունը չի վիճարկվում, գրում է Greekreporter-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալից հայտարարություններից հետո Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է. «Բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն եւ պաշտպանվեն: Այդ կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը չի վիճարկվում։ Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ հռետորաբանությունից եւ գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը»:

Ամերիկացի պաշտոնյան նաեւ «անօգուտ» է անվանել Էրդողանի նախազգուշացումները Հունաստանին ծովային վեճերի վերաբերյալ եւ կոչ է արել ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներին իրենց տարաձայնությունները լուծել դիվանագիտական ​​ճանապարհով։

«Այն ժամանակ, երբ Ռուսաստանը կրկին ներխուժեց եվրոպական ինքնիշխան պետություն, հայտարարությունները, որոնք կարող են ուժեղացնել լարվածությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ, հատկապես ապարդյուն են»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը:

«Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել  ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին միասին աշխատել՝ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության պահպանման, ինչպես նաեւ տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու համար»: