Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է հինգ «անհապաղ միջոցների» մասին, որոնք ԵՄ-ն կարող է ձեռնարկել էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարելու համար, որի համար նա մեղադրել է Ռուսաստանին եւ կլիմայի փոփոխությունը, գրում է Politico-ն։
«Ռուսաստանը մանիպուլացնում է մեր էներգետիկ շուկաները, եւ մենք աստղաբաշխական գների ենք բախվում»,- ասել է նա:
Եվրահանձնաժողովն առավելագույն գին կառաջարկի ռուսական գազի դիմաց, պիկ ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը նվազեցնելու պարտադիր թիրախ, բնական գազի օգտագործմամբ էլեկտրաէներգիա չարտադրող ընկերությունների եկամուտների սահմանափակում, հանածո վառելիքով աշխատող ընկերությունների կողմից «սոլիդարության ներդրում» եւ աջակցություն իրացվելիություն ունեցող կոմունալ ձեռնարկություններին։
«Այժմ դժվար ժամանակներ են եւ շուտ չեն ավարտվի,- ասել է ֆոն դեր Լյայենը: «Բայց ես համոզված եմ, որ եվրոպացիներն ունեն տնտեսական հզորություն, քաղաքական կամք եւ միասնություն՝ հաղթանակ տանելու համար»։
Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ ԵՄ-ն «դիտարկում է» նաեւ այլ երկրներից գազի ներկրման գնի սահմանափակման հարցը։
Նա իր պաշտոնական առաջարկներում Իսպանիայի եւ մի շարք այլ երկրների կողմից ներկացաված բնական գազի գինն էլեկտրաէներգիայի գնից տարանջատելու գաղափարի մասին չի հիշատակել, որը մայրցամաքում էլեկտրաէներգիայի թանկացման պատճառներից մեկն է։
Հանձնաժողովը պաշտոնապես կներկայացնի առաջարկը հաջորդ երեքշաբթի, հավելել է նա, այն բանից հետո, երբ ԵՄ էներգետիկայի նախարարները հնարավորություն կունենան տարբերակներ քննարկել ուրբաթ կայանալիք Էներգետիկական արտակարգ խորհրդին։
Ձմռանն ընդառաջ ԵՄ երկրները փորձում են զսպել էներգետիկ ճգնաժամը, որը կարող է հովհարային անջատումների, գործարանների փակման եւ խորը անկման հանգեցնել։ Ռուսաստանն արդեն մասամբ կամ ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը ԵՄ 13 երկրներին։




























