Թեհրանը Իրանի հետ հարաբերությունները խզելու մասին Ալբանիայի հայտարարությունն անհիմն ու ոչ խելամիտ է համարում։

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին հերքել է Ալբանիայի կառավարության անհիմն մեղադրանքները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ եւ ասել է, որ Իրանի ԱԳՆ-ը Թեհրանի հետ քաղաքական հարաբերությունները խզելու Ալբանիայի որոշումը միջազգային հարաբերություններում չմտածված ու անհեռատես գործողություն է համարում։

«Լինելով իրենց կարեւոր ենթակառուցվածքների վրա կիբեռհարձակումների թիրախ դարձած երկրներից մեկը, Իրանը մերժում եւ դատապարտում է կիբեռտարածության ցանկացած օգտագործում՝ որպես այլ երկրների ենթակառուցվածքի վրա հարձակվելու միջոց»,- ասել է Իրանի ներկայացուցիչը։

Նրա խոսքով, ահաբեկչությանն աջակցող երրորդ երկրները առանցքային դեր են խաղացել Ալբանիայի սխալ որոշման մեջ։

Ալբանիայի հայտարարությունից հետո ԱՄՆ-ի եւ Իսրայելի անհապաղ հայտարարությունները ցույց տվեցին Իրանի դեմ նոր դավադրությունը։ Իրանի ԱԳՆ-ում նաեւ նշել են, որ Ալբանիան ապաստանում է տխրահռչակ ահաբեկչական խմբավորմանը, եւ ափսոսանք են հայտնել, որ Տիրանայի անտեղի որոշումների վրա երրորդ կողմերն են ազդել։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ալբանիան Իրանին մեղադրել է իր պետական ծառայությունների դեմ կիբեռհարձակման փորձի համար եւ խզել է Իսլամական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունները։