Խոսակցություններն այն մասին, որ Երեւանի պետական համալսարանի շենքը կարող է հյուրանոց դառնալ, հիվանդ երեւակայության արգասիք է։ Այս մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Նա հավաստիացրեց, որ Երեւանի պետական համալսարանի շենքը կմնա ԵՊՀ-ի շենք։ Նրա տեղում հյուրանոցներ, հոթելներ կամ խանութներ չեն լինի։
«Որեւէ լուրջ մարդուց ես այս մասին չեմ լսել»,- ասաց նախարարը։
Միաժամանակ Դումանյանը հայտարարեց, որ ԵՊՀ-ն շատ վաղուց չի համապատասխանում ոչ մի չափորոշիչի՝ ո՛չ լսարանների, ո՛չ հագեցվածության, ո՛չ սանհանգույցների քանակի առումով։
«Ուսանողների թվի եւ զբաղեցրած տարածքի առումով ԵՊՀ-ն որեւէ նորմատիվի չի համապատասխանում։ Բայց ես չեմ առաջարկում դատարկել համալսարանի շենքը։ Եթե որեւէ շենք չի օգտագործվում, ապա ինչո՞ւ պետք է այն դատարկ լինի։ Պետք է ընդլայնել ԵՊՀ-ի հնարավորությունները, այդ թվում՝ Աշտարակում ակադեմիական ավան կառուցելու միջոցով»,- նշեց նա։
Նրա խոսքով, այս կամ այն շենքի գնումը նախարարությանը հետաքրքրում է այնքանով, որքանով դրանից կարող է շահել նոր գաղափարը, որի իրականացումը ուղղված չէ հյուրանոցային բիզնեսի զարգացմանը։
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մինչեւ 2030 թվականը կրթական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագծին, որում նախանշված են միջնաժամկետ նպատակները՝ նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության եւ բարձրագույն ու հետբուհական կրթության ոլորտներում։ Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտարարել էին բուհերը 8 ուսումնական հաստատություններում միավորելու եւ Աշտարակ տեղափոխելու մտադրության մասին։











