Բանակի հետ կապված դուք գիտեք, որ քրեական գործեր են քննվում, իմ զգացողությունն այն է, որ դրանց հետեւությունը լինելու է այն, որ այո, կարող էր պատերազմի այլ ելք լինել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես չափազանց կարևոր եմ համարում, որ բոլորով գտնենք այդ պատասխանը, թե ինչու պատերազմն այլ ելք չունեցավ՝ նույնիսկ եղած սուղ հնարավորությունների պայմաններում։ Սրանք շատ լուրջ հարցեր են։ Արդյոք ինչ-որ ուժեր կային, որոնք շահագրգռված էին պատերազմի այդ ելքով և ուզում էին այդպես լինի, որպեսզի Հայաստանում քաղաքական պրոցեսներ հարուցեն և իշխանափոխություն տեղի ունենա։ Հիմա փաստեր են ի հայտ գալիս, ինչի արդյունքում այդ հարցերն ինձ մոտ ուժեղանում են»,- ասաց Փաշինյանը։
Նա հույս հայտնեց, որ պատկան մարմինները օբյեկտիվ կգտնվեն՝ այդ հարցերի պատասխանները գտնելու համար. «Ոմանք 2020-21 թթ-ին փորձում էին տպավորություն ստեղծել, թե իշխանությունը և անձամբ ես, ուզում ենք կոծկենք պատերազմի հանգամանքները, հակառակը, իշխանությունը շահագրգռված է, որ ճշմարտությունը բացահայտվի, իսկ հիմա, երբ կոնկրետ գործողություններ են լինում, նույն մարդիկ ասում են՝ իշխանությունը մեղքը փորձում է գցել բանակի վրա։ Ի՞նչն ենք ուզում գցել բանակի վրա, հանգամանքներ են ի հայտ գալիս, որոնք ես չեմ հասկանում, հրամանատարներից հրամաններ են եղել, որոնք ես չեմ կարողանում հասկանալ ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ ռազմական ռումով»,-նշեց Փաշինյանը։
Նա այս հարցերի համատեքստում անդրադարձավ նաև Շուշիի անկմանը. «Հիշո՞ւմ եք, որ ասում էին՝ իշխանությունը Շուշին ծախել է։ Հիմա այդ մասով քրեական գործ է հարուցված, մարդ կա ձերբակալված, հիմա էլ հանդես են գալիս նրանց պաշտպանությամբ։ Հիմա ո՞վ է Շուշին տվել, ես չեմ հասկանում ինչո՞ւ են պաշտպանում: Բա սրեր էիք ճոճում պատերազմից առաջ, թե՞ ձեզ ճշմարտությունը չէր հետաքրքրում, ձեզ հետաքրքիր էր ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը պատերի տակ կանգնեցնել, գնդակահարել, ու ասել՝ վերջ, թեման պրծավ: Հիմա ուղիղ խոստանում եմ՝ այս թեման չի պրծնելու։ Պատերազմի մասին ճշմարտության բացահայտման մասին ավելի շահագրգիռ ուժ, քան իշխանությունն է, չկա:
Պատերազմի հաջորդ օրն իմ հրաժարականն էին պահանջում՝ ասելով, թե Շուշին հանձնել ենք, հիմա, երբ հանձնման հանգամանքները բացահայտվում են, ձերբակալվածներ կան, այդ նույն մարդիկ հայտարարություններ են անում, ստորագրություններ են հավաքում»,-ասաց նա:
Փաշինյանը հավաստիացրեց, որ ինչքան էլ դաժան ու բարդ լինի, իրենք գնալու են, խորանալու են եւ բացահայտելու են ճշմարտությունը. «Արդյունքում էլի մենք ենք մեղավոր դուրս գալու, որովհետեւ նընդհատ ասել ենք՝ մեր բանակն է, չքննադատենք, բանակի վրա թեւներս փռենք, ընդ որում, նաեւ մեր թևերը փռել ենք բանակի վրա: 2018-ից հսկայական միջոցներ ենք ծախսել բանակի վրա, այսօր պարզվում է, որ նույնիսկ այդ տված միջոցները միշտ չէ, որ գնացել, հասել է այնտեղ, որպես պետք է հասներ:
Իսկ ինչո՞ւ սա պետք է ներենք ինչ-որ մեկին, ինչ «պագոն» ուզում է լինի ուսին, ինչ մեդալ՝ դոշին, չկա ներում այդ մարդկանց։ Երբեմն տպավորություն եմ ստանում, որ այդ մարդիկ ոչ թե իմ հրամաններով են առաջնորդվել, այլ եսիմ որտեղից եկող հրամաններով, սրանից ավելի մեծ դավաճանություն կա՞։ Այս հարցում կոմպրոմիս չի լինելու, բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու՝ գեներալ լինի, սերժանտ լինի, տո վարչապետ ու նախագահ լինի, նախարար լինի, չի ներվելու»,- ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ 2018-ից հետո ինքը մի անի անգամ հավաքել է բանակի ղեկավարությանը. «Ասել եմ՝ ինձ տարբեր նամակներ են գրում, սենց-սենց բան են ասում, կարա՞ սենց բան լինի: Ասել են՝ պարոն վարչապետ, բա ամոթ չի՞, ո՞նց կարա տենց բան լինի: Ես ասել եմ՝ ես պարտավոր եմ ձեզ վստահել եւ վստահում եմ, բայց իմացեք, եթե պարզվի, որ մեկը բանակից մի բան գողացել է, իմ անձնական թշնամին է, մինչեւ կյանքիս վերջ հետապնդելու եմ բոլոր հնարավոր օրինական միջոցներով: Բոլորը համաձայնել են այս պայմանին, դե թող հիմա չնեղանան, չբղավեն»:











