Արաբական Միացյալ Էմիրությունների ընկերությունը պայմանագիր է ստորագրել Աֆղանստանի հետ՝ օդային երթեւեկությունը ողջ երկրում կառավարելու համար, քանի որ թալիբների իշխանությունը ձգտում է ընդլայնել միջազգային թռիչքները:
Թեեւ որոշ չվերթներ թռչում են Քաբուլի օդանավակայանից, օտարերկրյա խոշոր ավիաընկերությունները զգալի լրացուցիչ աջակցության կարիք ունեն՝ լիարժեք սպասարկումը վերսկսելու համար, հաղորդում է AFP-ն:
Մայրաքաղաքի օդանավակայանի լիարժեք գործունեությունը, որը ավերվել էր անցյալ օգոստոսին թալիբների իշխանության գալուց հետո խաղաղ բնակիչների զանգվածային տարհանման ժամանակ, դիտվում է որպես Աֆղանստանի քայքայված տնտեսությունը վերականգնելու որոշիչ գործոն:
Աբու Դաբիում տեղակայված GAAC-ը հինգշաբթի ստորագրել է համաձայնագիր, որն, ինչպես ակնկալվում է, կօգնի վերադարձնել խոշոր միջազգային ավիաընկերությունները: GAAC-ը մտադիր է 10 տարվա ընթացքում Աֆղանստանում ներդնել ավելի քան 300 միլիոն դոլար՝ երկրի ավիացիոն ոլորտը զարգացնելու համար։
Գործարքը թույլ է տալիս GAAC-ին «վերականգել օդային տարածքը՝ միջազգային ավիափոխադրողների անցումը թույլատրելու համար», լրագրողներին ասել է ընկերության տարածաշրջանային ղեկավար Իբրահիմ Մոարաֆին մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, դա թույլ կտա GAAC-ին «վերականգնել նավիգացիոն ծառայությունները, որոնք անհրաժեշտ են խոշոր միջազգային ավիաընկերությունների վերադարձի համար Աֆղանստանի օդանավակայաններ»։ Սա ներառում է օդային երթեւեկության հսկողություն, կապի եւ հսկողության համակարգեր եւ օդերեւութաբանական ծառայություններ:
Սա GAAC-ի կողմից Աֆղանստանի քաղաքացիական ավիացիայի եւ տրանսպորտի նախարարության հետ այս տարվա ընթացքում ստորագրված երրորդ համաձայնագիրն է։
GAAC-ը, որը գործում էր Աֆղանստանում մինչեւ թալիբների իշխանության վերադարձը, արդեն ստացել է առանձին պայմանագրեր Քաբուլում եւ այլ օդանավակայաններում՝ ցամաքային սպասարկման եւ ուղեւորների զննման համար:
Քաբուլի օդանավակայանում օդային երթեւեկության հսկողությունը ներկայումս իրականացնում են մի խումբ աֆղանցիներ, որոնք վերապատրաստվել են Ուզբեկստանից եւ Կատարից ժամանած փորձագետների կողմից:





























