Ռուսական գազի ներկրման «քաղաքական» սահմանափակումը չի օգնի նվազեցնել էներգակիրների գները եվրոպական տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների համար, Reuters-ին ասել է Բելգիայի էներգետիկայի նախարար Թիեն վան դեր Սթրեյթենը՝ ուրբաթ օրը ԵՄ-ի հետ արտակարգ բանակցություններից առաջ:

Ռուսական խողովակաշարով գազի ներկրման գների սահմանափակումը, որն առաջարկվել է Եվրահանձնաժողովի կողմից ուրբաթ օրը կայանալիք նախարարական բանակցություններից առաջ, որոնց նպատակն է նվազեցնել էներգակիրների գները, մինչ այժմ հակասական արձագանքների է արժանացել դաշինքի 27 երկրներում:

Նրա խոսքով՝ եվրոպացի սպառողներին անհրաժեշտ է գազի մեծածախ գների սահմանափակում, այլ ոչ թե պարզապես ռուսական ներմուծման «քաղաքական» սահմանափակում:

Նա նշել է, որ Բելգիան ցանկանում է սահմանել բորսայում վաճառվող գազի գների դինամիկ սահմանափակում։ Բորսան կապված է ասիական շուկաների հետ ԵՄ ողջ տարածքում, որպեսզի ապահովվի մատակարարումների անվտանգությունը:

Նիդեռլանդները, որն ավանդաբար դեմ է արտահայտվում շուկայական ինտերվենցիաներին, պաշտպանել է ավելի նեղ տարբերակը, որը վերաբերում է միայն Ռուսաստանին:

Վան դեր Սթրեյթենը նշել է, որ էներգետիկայի նախարարները պետք է հստակ հանձնարարականներ տան Եվրահանձնաժողովին, թե ինչպես պետք է գործել էներգակիրների գների իջեցման ուղղությամբ։

Նա ասել է, որ ԵՄ-ից գազի համատեղ գնումները պետք է խթանվեն, եւ որ դաշինքին անհրաժեշտ է գների բարեփոխում էներգետիկ շուկայում, որը կտարանջատի գազից արտադրվող էլեկտրաէներգիան եւ ոչ հանածո աղբյուրներից եկող էլեկտրաէներգիան, ինչպիսիք են միջուկային էներգիան կամ էներգիայի վերականգնվող աղբյուրները: