ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը Ադրբեջանին եւ Բելառուսին ճանաչել է որպես լրագրող եւ բլոգեր, Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի հետապնդման պատասխանատուներ, գրում է Newsru.co.il-ը։
Ըստ որոշման՝ Բելառուսն իրավունք չուներ նրան հանձնել պետությանը, որտեղ նրան կարող էին խոշտանգումներ սպառնալ։ Միջազգային ատյանը նաեւ կոչ է արել երկու պետություններին 180 օրվա ընթացքում համապատասխան փոխհատուցումը հատկացնել Լապշինին։
Բլոգեր Ալեքսանդր Լապշինին (ծնված 1976թ.) Մինսկում բերման են ենթարկել 2016 թվականի դեկտեմբերի 15-ի գիշերը։ Ձերբակալման պատճառը եղել է Ադրբեջանի իշխանությունների խնդրանքը, որը նախկինում Լապշինին միջազգային հետախուզում էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը եւ Միգրացիոն օրենսգիրքը խախտելու համար։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դա պայմանավորված է եղել Լեռնային Ղարաբաղ Լապշինի կատարած այցերով։ Լապշինի անունը Բաքվի իշխանությունների «սեւ ցուցակում» հայտնվել է 2011 վականին։ Սակայն 2015 թվականի հունիսին, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Լապշինը Վրաստանի տարածքով Ադրբեջան է մտել ուկրաինական անձնագրով։ Իսրայելի ԱԳՆ-ն, ինչպես նաեւ ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանին Լապշինի արտահանձնումը կանխելու անհաջող փորձ են արել։ 2017 թվականի փետրվարի 7-ին Ալեքսանդր Լապշինին հատուկ չվերթով Մինսկից տեղափոխել են Բաքու։
2017 թվականի հուլիսի 20-ին Ալեքսանդր Լապշինը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Լապշինին մեղադրանք է առաջադրվել պետական սահմանն ապօրինի հատելու եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերի համար։ Լապշինի նկատմամբ Բաքվի դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2017 թվականի օգոստոսի 14-ին։
2017 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում է շնորհել Ալեքսանդր Լապշինին։ Սեպտեմբերի 14-ին նա արտաքսվել է Իսրայել։ Իսրայել վերադառնալուց հետո Լապշինն իր բլոգում պատմել է, թե ինչպես էին իրեն «սպանում Բաքվի բանտում»։
2021 թվականի հոկտեմբերի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը, ի պատասխան ադրբեջանական կողմի բողոքի, ուժի մեջ է թողել ՄԻԵԴ-ի մայիսի 20-ի որոշումը, որով Ադրբեջանի իշխանությունները մեղավոր են ճանաչվել Լապշինի անօրինական. ձերբակալության, Բաքվի բանտում խոշտանգումների եւ սպանության փորձի մեջ։ Դատարանը Բաքվին պարտավորեցրել է իսրայելցի Լապշինին 30 000 եվրոյի չափով դրամական փոխհատուցում վճարել։





























