Ուկրաինան, Եվրահանձնաժողովը եւ Համաշխարհային բանկը գործընկերների հետ համագործակցությամբ Ուկրաինայում վերակառուցման եւ վերականգնման ընթացիկ ծախսերը գնահատել են 349 միլիարդ դոլար: Ակնկալվում է, որ այս ցուցանիշը կաճի առաջիկա ամիսներին, քանի որ պատերազմը շարունակվում է: Այս մասին ասվում է Ուկրաինայի, ԵՀ-ի եւ ՀԲ-ի համատեղ հայտարարության մեջ։

Նշվում է, որ սոցիալական, արտադրական եւ ենթակառուցվածքային ոլորտներում վերականգնման եւ վերակառուցման կարիքները կազմում են 349 միլիարդ դոլար, ինչը 1,5 անգամ գերազանցում է 2021 թվականին Ուկրաինայի ՀՆԱ-ն։ Ակնկալվում է, որ 105 միլիարդ դոլար կպահանջվի առաջիկա 36 ամիսների ընթացքում հրատապ կարիքները հոգալու համար, ինչպիսիք են՝  կրթական եւ առողջապահական համակարգերի եւ ենթակառուցվածքների վերակառուցում, գալիք ձմռանը նախապատրաստվելը՝ վերականգնելով ջեռուցումն ու էլեկտրաէներգիան, աջակցելով գյուղատնտեսությանը եւ վերանորոգելով կարեւոր տրանսպորտային ուղիները: