Եվրամիությանն, իհարկե, չհաջողվեց իր ձեռքը վերցնել Ռուսաստանի նախաձեռնությունը եւ չի հաջողվի, որովհետեւ Եվրամիությունը չունի այդպիսի դիրքեր երկրի վրա, չունի այդպիսի մակարդակի հարաբերություններ եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հետ, եւ, իհարկե գործնական հարցերի շուրջ բանակցությունների առաջնահերթությունը մնում է Ռուսաստանի մոտ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ (МГИМО) Ժողովրդական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաեւը։
«Եվրամիությունն ինքը զբաղվում է նրանով, որ «արմունկներով հրում է», եթե իրերն իրենց անուններով կոչենք։ Նա անցկացնում է ինչ-որ միջոցառումներ, որոնք ունեն մեդիական մեծ էֆեկտ, բայց չունեն դիվանագիտական մեծ հետեւանքներ»,- նշեց փորձագետը։
Ռուս քաղաքագետի խոսքով՝ Եվրամիությունը չի թաքցնում, որ ցանկանում է Ռուսաստանը դուրս գա բանակցային գործընթացից, եւ դա հասկանում են բոլոր կողմերը։
«Մոսկվան նույնպես, իհարկե, շահագրգռված է, որ ձեռքը զարկերակին պահի եւ հասկանա, թե ինչ է կատարվում այնտեղ: Այս առումով նա, իհարկե, հետաքրքրված է այնպիսի շփումներով, որոնք չեն թաքցնում Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների բովանդակությունը»,- ընդգծեց Նիկոլայ Սիլաեւը։
Նրա խոսքով, մինչեւ վերջերս ռուսական մոտեցումը միշտ եղել է այն, որ Հարավային Կովկասի հետ չկապված, այլ հարցերի շուրջ տարաձայնությունները, որոնք առկա են մասնակից երկրների եւ Մինսկի խմբի համանախագահների միջեւ, չպետք է խանգարեն Մինսկի խմբի գծով փոխգործակցությանը։
«Բայց ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան այժմ, եթե չլիներ տարածաշրջանում նման տխուր եւ լարված համատեքստը, զավեշտալի կլիներ այն, թե ինչպես են նրանք դատողություններ անում Մինսկի խմբի ապագա աշխատանքի պահպանման մասին եւ հանում են այնտեղից համանախագահներից մեկին, մասնավորապես՝ Ռուսաստանին: Այնպես որ, նրանց ներկայիս մոտեցմամբ ես չեմ կարծում, որ Մինսկի խումբը կարող է վերականգնվել: Այս մասին խոսել է նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը»,- նշեց ռուս քաղաքագետը։











