Շվեյցարիայի հյուսիսային տարածքը՝ Գերմանիայի սահմանի մոտ, կառաջարկվի որպես միջուկային մնացուկների խոր ստորգետնյա պահեստարան կառուցելու վայր։ Դրա շինարարությունը նախատեսվում է սկսել 2045թ., շաբաթ օրը տեղեկացրել է Շվեյցարիայի էներգետիկայի դաշնային վարչությունը (BFE), փոխանցել է Reuters-ը։
Այսպես կոչված խոր երկրաբանական պահեստարանն օգտագործված միջուկային վառելիքի եւ ռադիոակտիվ այլ մնացուկների համար դեռեւս պետք է արժանանա կառավարության եւ խորհրդարանի հավանությանը, եւ այդ գործընթացը տարիներ կտեւի։
Նախագիծն իրականացնելու է Ռադիոակտիվ մնացուկների ազգային կոոպերատիվ (Nagra) ընկերությունը, որն ստեղծվել է ատոմային էլեկտրակայանների եւ կառավարության կողմից, այն կառաջարկի հյուսիսային Լաեգեռնի տարածքը Ցյուրիխից հյուսիս։ Տարածքը մոտ է Գերմանիայի հետ սահմանին, ասել է BFE-ի ներկայացուցիչ Մարիաննա Զյունդը։
Երկուշաբթի օրը տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ կհայտարարվի առաջարկվող տեղի մասին, ավելացրել է նա։
«Դա կլինի միայն հայտարարություն այն մասին, թե որտեղ կցանկանային նրանք (Nagra-ն) կառուցել,- ասել է Զյունդը՝ ավելացնելով, որ BFE-ն հետեւում է գործընթացին։- Բոլոր մանրամասները պետք է մշակվեն Nagra ընկերության կողմից, որպեսզի մոտավորապես երկու տարի հետո ներկայացվեն իշխանություններին որպես պաշտոնական պահանջ»։





























