Ստեփանակերտի համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու, իսկ ահա 15 տեղանոց ավագանու անդամի պաշտոնում` 46 հոգի. ԼՂ մյուս համայնքների ղեկավարների պաշտոնում առաջադրված թեկնածուների թիվը եւ անունները այս պահի դրությամբ հավաքագրման փուլում են: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը։

Նրա խոսքով, Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուներից մեկը ԼՂ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Սուրեն Գրիգորյանն է, երկրորդը՝ Մարատ Հասրաթյանը, ով աշխատում է ԼՂ սոցապ նախարարությունում` որպես իրավաբան։ Քաղաքապետի երրորդ թեկնածուն ԼՂՀ վարչապետի խորհրդական Էդուարդ Աղաբեկյանն է ( նա 2004-2008 թվականներին եղել է Ստեփանակերտի քաղաքապետը): Ընդ որում, չի առաջադրվել գործող քաղաքապետ Վազգեն Միքայելյանը:

Սեյրան Հայրապետյանի տեղեկացմամբ, երեք թեկնածուներից երկուսն անկուսակցական են, միայն Սուրեն Գիգորյանն է Արցախի ժողովրդավարական կուսակցությունից։

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռայա Նազարյանը, Լեռնային  Ղարաբաղի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին։ 209 համայնքներում տեղի կուենան ՏԻՄ ընտրություններ, ընդ որում՝ 147 համայնքներում միաժամանակ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ կանցկացվեն, 3-ում` միայն համայնքի ղեկավարի եւ 59-ում` ավագանու անդամների ընտրություններ: 18 համայնքում այս տարի ընտրություններ չեն լինելու` համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների լիազորությունների ժամկետը չլրանալու պատճառով: Արցախում ՏԻՄ ընտրությունները առաջին անգամ անցկացվել են 1998 թվականին: