«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հնչած կրակոցների հետ կապված ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր` օգոստոսի 25-ին հայտարարեց, որ այն «սովորական միջադեպ էր հարսանիքի ժամանակ»: Հարուցվել է քրեական գործ` մարմնական վնասվածք հասցնել անփութության պատճառով: Ոստիկանապետը հերքեց այն տեղեկատվությունը, թե գործի վարույթը գտնվում է դատախազությունում, ընդգծելով, որ հարցը ոստիկանության քննչական բաժնում է:

«Կալանավորված անձինք չունենք, կան 2 հոգի տուժողներ, կատարող անձը հայտնի է, ամեն ինչ հայտնի է, մնում է պարզել մի բան` իրո՞ք դա անզգույշ է, թե՞ չէ: Խնդրում եմ մի քիչ ժամանակ` ձեզ ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Ա. Սարգսյանը:

Նա նաեւ հերքեց այն տեղեկությունները, որ գործի հետ առնչություն ունի Սաշիկ Սարգսյանի որդիներից մեկը: «Դեպքի օրը նա ընդհանրապես Հայաստանում չի եղել»,- հավաստիացրեց ոստիկանապետը:

Նշենք, որ Ավանի «Հարսնաքար» ռեստորանում միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 15-ին: Հարսանեկան արարողության ժամանակ վեճ էր ծագել հյուրերի եւ հաստատության աշխատակցի միջեւ: Արդյունքում հրազենային վնասվածքներ էին ստացել 33-ամյա Նորայր Աթոյանն ու 25-ամյա Վերսանդ Մկրտչյանը: Ներկայումս նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: