Caucasus Heritage Watch, CHW՝ «Կովկասյան ժառանգության մոնիթորինգ» պլատֆորմը հրապարակել է հետազոտություն, որը վկայում է, որ Ադրբեջանը 1997-2011 թվականներին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում ամբողջությամբ ավերել է առնվազն 108 հայկական վանք, եկեղեցի եւ գերեզմանատուն:
CHW-ն օգտագործել է բարձր թողունակությամբ արբանյակային պատկերներ՝ հայկական մշակութային ժառանգության օբյեկտների ճակատագիրը վավերագրելու համար:
Այս թիվը ներկայացնում է հայկական մշակութային ժառանգության 98 տոկոսը, որը հետազոտողները կարողացել են բացահայտել։ Այս գտածոներն առաջին անգամ ներկայացնում են համոզիչ ապացույցներ, որ հայկական մշակույթի հետքերի լուռ ու համակարգված ջնջումը Ադրբեջանի ներքին էթնիկ քաղաքականության բնորոշ գիծն է եղել։
«Հիմքեր կան վախենալու, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը սպառնում է նաեւ Լեռնային Ղարաբաղին։ CHW-ն արդեն փաստագրել է 6 հաստատված ավերածություններ, 7 հաստատված վնասներ եւ 17 սպառնալիքի տակ գտնվող օբյեկտներ՝ 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում երկրորդ պատերազմի սկսվելուց հետո։
Այս կայքը եւ CHW-ի հատուկ զեկույցը իրենցից ներկայացնում են Նախիջեւանի բոլոր հայկական վանքերի, եկեղեցիների եւ գերեզմանատների առաջին համակարգված գնահատականը, որոնք գոյություն են ունեցել դեռեւս խորհրդային ժամանակաշրջանի վերջում: «Մեր աշխատանքը հիմնված է 1970-ական եւ 1980-ական թվականների ամերիկյան գաղտնազերծված արբանյակային պատկերների, 1930-1990 թվականներին խորհրդային տեղագրողների կողմից ստեղծված մանրամասն քարտեզների եւ ժամանակակից կոմերցիոն արբանյակային պատկերների վրա՝ պատմական, ճարտարապետական եւ եկեղեցական նշանակության հուշարձանները, այդ թվում՝ հազարավոր տապանաքարերով գերեզմանատները գտնելու եւ գնահատելու համար»,- նշում են զեկույցի հեղինակները։





























