Աշտարակի հիվանդանոցից ոստիկանության բաժնում օգոստոսի 22-ին, ժամը 22-ին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի եւ կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վերքեր ու ձախ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա Սամվել Ե.-ն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.40-ի սահմաններում, Օշական գյուղում, Սամվել Ե.-ի տան մոտ, ոմն Գեւորգ եւ Միհրան վիճաբանել են Սամվել Ե.-ի հետ, եւ այդ ընթացքում Գեւորգը դանակով հարվածներ է հասցրել Սամվել Ե.-ին ու պատճառել վնասվածքներ: Վիճաբանության ժամանակ, դեռեւս չպարզված անձի կողմից արձակվել է հրացանի մեկ կրակոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 24-ին, ժամը 20-ին, բաժին են ներկայացել 19-ամյա Գեւորգ եւ Միհրան Մ.-երը: Գեւորգ Մ.-ն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ Սամվել Ե.-ին դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է ինքը:
Գեւորգ Մ.-ն ձերբակալված է:




























