Հնարավորության սահմաններում Վրաստանը պատրաստ է իր դերը խաղալ տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով սրումը հայ-ադրբեջանական սահմանին։
«Մեզ համար ամենակարեւորը խաղաղության ապահովումն է տարածաշրջանում… Եթե Վրաստանը եւ Վրաստանի իշխանությունները կարողանան որոշակի դերակատարում ունենալ այս հարցում, իհարկե, մենք պատրաստ ենք ամեն կերպ։ Բոլորի համար գլխավոր խնդիրն, իհարկե, պետք է լինի հակամարտության դադարեցումը։ Այս մասին մենք խոսել ենք Ուկրաինայի հարցի հետ կապված, եւ, իհարկե, մեզ համար ավելի զգայուն է, երբ խոսքը երկու հարեւան եւ բարեկամ երկրների մասին է։ Այս առումով, եթե մենք կարողանանք ինչ-որ բան անել, իհարկե, ամեն ինչ կանենք»,- ասել է Կոբախիձեն, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են: Ժամը 08.00-ի դրությամբ իրադրությունը սահմանին փոփոխություններ չի կրել, հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականետներ, ԱԹՍ–ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը:
Ելույթ ունենալով ԱԺ-ում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում, նախնական տվյալներով, 49 հայ զինծառայող է զոհվել։




























