Ֆրանսիան հրավիրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ Ելիսեյան պալատին հղումով։
«Ֆրանսիան կներկայացնի իրավիճակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ նա նախագահում է ներկայումս»,- ասել է Ելիսեյան պալատը նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից հետո։
Ելիսեյան պալատը նշել է, որ Մակրոնը շարունակում է կոչ անել հակամարտությունը լուծել «բացառապես բանակցությունների միջոցով»։
Երկու կողմերի հետ շփվող Ֆրանսիայի նախագահը նույնպես կոչ է արել «խստորեն պահպանել հրադադարը» և «հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։
Նախօրեին հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Նախագահ Մակրոնն անթույլատրելի էր համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը:





























