Հիմա Հայաստանը «քոչարյանականների», «սերժականների» կամ «Քաղաքացիական պայմանագրի» համակիրների չպետք է բաժանվի, եւ ընդդիմությունը պետք է ի վերջո հասկանա դա։ Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ նիստին Բաքվի հերթական ագրեսիան դատապարտող ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա հիշեցրեց, որ ընդդիմությունն ավելի վաղ ժամանակ էր խնդրել իրենց առաջարկները ներկայացնելու համար։ Նրանց այդ ժամանակը տրվել էր։
«Դրանից հետո ընդդիմադիրներն ինչ-որ ներքաղաքական հայտարարություններ ներկայացրեցին, որոնք հիմա բոլորովին անտեղի են։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ուզում եմ հասկանալ, թե ինչու եք եկել, եւ ի՞նչ եք անում այստեղ միասին։ Ադրբեջանի վերաբերյալ Ձեր հայտարարության մեջ դուք ներառել եք ներքին քաղաքականությունը։ Ո՞ւմ է դա հիմա հետաքրքիր: Դուք պահանջում եք դուրս գալ Ադրբեջանի հետ բանակցություններից։ Եւ ի՞նչ: Երկուսով սահմա՞ն եք գնալու»,- վրդովվեց Սիմոնյանը՝ դիմելով «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար եւ քարտուղար Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին։ Նրանք ընդդիմության միակ ներկայացուցիչներն էին, ովքեր եկել էին նիստին։
«Այստեղ «քոչարյանականներ, «սերժականներ», «Քաղաքացիական պայմանագրի» համակիրներ չկան։ Եթե ընդդիմությունը դա չի հասկանում, ապա ավելի լավ է չգա»,- ասաց ԱԺ բարկացած խոսնակը։
Հիշեցնենք, որ իշխող ուժի կողմից կազմված հայտարարությունն ընդունվել է միաձայն՝ իշխող կուսակցության ներկայացուցիչների 65 ձայնով։ Ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել, քանի որ իշխանական կուսակցությունը դրա ներկայացրած առաջարկներն անտեղի համարեց։




























