Ամենամեծ խնդիրը, որ ունեն իշխանությունները, իրենց հակասական վարքագիծն է, երբ դու տեսնում ես, որ ակնհայտորեն բոլոր միջազգային նորմերի ոտնահարում է իրեն թույլ տալիս Ադրբեջանը ու դու դրա վերաբերյալ գնահատական հնչեցնելիս միաժամանակ նորից խոսում ես խաղաղության մասին, դու դրանով այդ իրավիճակի տագնապը տեղ չես հասցնում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
«Դուք պետք է շատ հստակ այդ վարքագծին գնահատական տաս: Եթե այս իշխանությունները մեկ րոպե անգամ առնվազն նոյեմբերի 9-ից հետո իրենք պատասխանատվության գիտակցումը գիտակցեին, հրաժարական էին տլու եւ իրենց չէին պատկերացնելու իշխանական աթոռներին: Իշխանություն լինելը պարզ, դյուրին գործընթաց չէ, որն իրենց մոտ չի ստացվում»,-ասաց նա:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին դիմելուն, Վարդեւանյանն ասաց. «Իսկ ՀԱՊԿ-ի 4-րդ հոդվածո՞վ են դիմել, որովհետեւ եթե այդ հոդվածով դիմեին, դուք արդեն պետք է տեսնեիք ՀԱՊԿ-ի գործողությունները: Ավելին, այդ հոդվածն ասում է, որ եթե լինում է զինված ագրեսիա ՀԱՊԿ անդամ ցանկացած պետության նկատմամբ, դա դիտարկվում է ամբողջ ՀԱՊԿ երկրների նկատմամբ ագրեսիա: Հիմա խնդիրը ո՞րն է որ հրապարակեն այդ նամակը, թող հրապարակեն եւ տեսնենք՝ 4-րդ հոդվածով են դիմել, թե ոչ: Եթե 4-րդ հոդվածով են դիմել եւ չկա պատշաճ արձագանք, դրան պետք է համապատասխան գնահատական տալ: Բայց եթե պարզվի, որ 2-րդ հոդվածով են դիմել, այստեղ խնդիր է առաջանում»:











