Անցած գիշեր հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բռնության էսկալացիայից հետո, որն, ինչպես հաղորդվում է, արդեն բազմաթիվ զոհերի եւ զգալի վնասների է հանգեցրել, Իռլանդիայի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Սայմոն Քովնին եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը հայտարարությամբ են հանդես եկել։

Հայտարարության մեջ ասվում է. «Եվրախորհրդի անդամ երկրների միջեւ վեճերը լուծելու համար ռազմական ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է։ Ուստի մենք Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած հետագա քայլերից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը, պահպանել միջազգային պայմանագրերը եւ առանց հետագա հապաղումների սկսել խաղաղ բանակցություններ։

Եվրախորհրդի անդամ երկու երկրներին կոչ ենք անում հարգել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են անդամակցության ժամանակ, մասնավորապես՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծել։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել նրանց այդ ջանքերում»: