Դատելով թշնամու հայտարարություններից, նրա մտադրությունն իմանալով, արվում է ամեն ինչ հիմք նախապատրաստելու ավելի մասշտաբային գործողություն ձեռնարկելու, ճեղքում իրականացնելու եւ ուժով միջանցքը բացելու համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ի դիմաց զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Համախմբում»  նախաձեռնության անդամ, դասախոս Մենուա Սողոմոնյանը:

«Ավելի մեծ նպատակն է ռազմակալել բոլոր այն շրջանները, որոնք կկապեն Ադրբեջանի արեւմտյան շրջաններն Նախիջեւանի հետ:

Ռազմական գործողությունների դադարեցումը առաջին հերթին ՀՀ հնարավորություններից է կախված: Ամբողջ հարցն այն է, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո չենք տեսել նպատակադրված գործողություն մեր ռեսուրսներ ներդնելով ՀՀ պաշտպանունակության բարցրացման վրա; Մենք դա չենք տեսել ոչ բյուջեում, ոչ ռազմական սպառազինությունների գնման պլանի հետ կապված, չենք տեսել հանրային աշխատանքներում: Ոչ մի ոլորտում չի զգացվել, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի:

Թուրքիան ամեն կերպ պետք է պաշտպանի Ադրբեջանին: Վերջերս զորավարժությունների անվան տակ Ադրբեջանի ավիաբազան է թարմացվել, այդ թվում F-16 կործանիչներով»,-ասաց նա:

Սողոմոնյանը նկատեց, որ դատելով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից, Հայաստանը ոչ թե պատրաստվում է հակադարձելու, արդյունավետ հակահարված տալու, պարզապես իմիտացիոն գործողություններ են իրականացվում, որոնց արդյունք չլինելու հետեւանքով, կասեն՝ դե քանի որ արդյունք չտվեց, պետք է զիջենք փրկվելու համար. «Այս տրամաբանությունն ու միտումն ենք տեսնում»,-ասաց նա:

Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքներին, Սողոմոնյանն ասաց, որ վերբալ գործողությունները, հայտարարություններն արժեք չունեն. «Աջակցությունը կլինի այն դեպքում, երբ ՀՀ բարեկամ, դաշնակից պետությունները տեսնեն, որ Հայաստանում կյանքը բերված է պատերազմին հակազդելու տրամաբանության, այսինքն Հայաստանը պատրաստ է դրան: Առանց դրա որքան էլ ՀԱՊԿ-ը նիստ անի, ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ անի, արդյունք չի լինելու»: