Հայաստանը չի կարող ՀԱՊԿ-ում չլինել, որովհետեւ ՀԱՊԿ-ը նաեւ մեր աշխարհագրությանն է մոտ, նաեւ հավաքական անվտանգության տարածաշրջանի հետ կապված մենք խնդիրներ ունենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ժամանակը դուրս գալու ՀԱՊԿ-ից, որը որոշել է ընդամենը իր գլխավոր քարտուղարին ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակին ծանոթանալու:
«Ես միշտ ասում են, որ ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հիմքում առաջին հերթին ընկած է մեր աշխարհագրությունը, նաեւ մեր մնացած բոլոր հարաբերությունները՝ ռազմավարական գործընկերությունը, պատմությունը, մշակույթը եւ այլն:
Բայց այստեղ մի բան կա. երեկ օրինակ, Նիկոլը խոսում է ամեն ինչի մասին, ասում է՝ դիմեցինք միջազգային կառույցներին, բայց չի ասում, թե երկրի ներսում ինքն իրչ որոշում է կայացրել: Եթե դու ինքդ քեզ չես պաշտպանում, ոչ մի միջազգային կառույց չի գալու քեզ պաշտպանելու: Եթե դու քո տունը չես պահում, հարեւանը չի գալու քո տան մեջ ինչ-որ բարեկարգման աշխատանքներ իրականացնի: Այս իշխանությունների կատարած այդ բացթողումների, շատ դեպքերում նաեւ անգրագետ, դավաճանական կեցվածքի արդյունքում է, որ այսօր գտնվում ենք այս վիճակում»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Հարցին, թե ինչպես է գնահատում ՀԱՊԿ-ի այդ որոշումը, նա արձգանքեց. «Հիմա այդպես են որոշել, իրենք կուղարկեն ներկայացուցիչներ, որոնք կգան, արագ տեղում գնահատական կտան եւ հետագա որոշումներն այլ կլինեն»:











