Եվրահանձնաժողովը նախատեսում է ավելի քան 140 միլիարդ դոլար ներգրավել էներգետիկ ընկերություններից, որպեսզի օգնի պաշտպանել տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին գների կտրուկ աճից, որը սպառնում է տնտեսական ռեցեսիայով եւ անվճարունակությամբ, հայտնում է Reuters-ը։
Գազի եւ էլեկտրաէներգիայի եվրոպական գներն այս տարի կտրուկ աճել են, քանի որ Ռուսաստանը կրճատել է վառելիքի արտահանումը` ի պատասխան արեւմտյան պատժամիջոցների:
Եվրոպական կենտրոնական բանկի գլխավոր տնտեսագետն ասել է, որ բարձր գները շարունակում են մնալ «գնաճի գերիշխող շարժիչ ուժը» եվրոգոտում:
Եվրոպական կառավարությունները պատասխանել են միջոցառումներով՝ սկսած էլեկտրաէներգիայի եւ գազի սպառողական գների սահմանափակումներից վերջացրած էլեկտրաէներգիայի մատակարարներին վարկեր եւ երաշխիքներ տրամադրելով:
«ԵՄ անդամ երկրներն արդեն միլիարդավոր եվրոներ են ներդրել խոցելի տնային տնտեսություններին օգնելու համար: Բայց մենք գիտենք, որ դա բավարար չի լինի»,- Եվրախորհրդարանում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Սպառողներին ռեկորդային բարձր գնաճից պաշտպանելու առանձին քայլերով Ֆրանսիան հայտարարել է մինչեւ 2023 թվականը էներգակիրների առավելագույն գների երկարաձգման մասին, իսկ Դանիան ցանկանում է էլեկտրաէներգիայի գների վերին շեմ մտցնել:
Գերմանիայում Uniper-ը՝ ռուսական գազի ամենամեծ ներկրողը, ասել է, որ կառավարությունը կարող է բաժնետոմսերի վերահսկող փաթեթ ձեռք բերել, որպեսզի օգնի իրեն հաղթահարել ճգնաժամը, իսկ տեղական կոմունալ ծառայությունների խումբը նախազգուշացրել է անվճարունակ էներգետիկ ընկերությունների մասին:
Եվրահանձնաժողովի առաջարկը ներառում է էլեկտրաէներգիա արտադրողների եկամուտների սահմանափակում, որոնք շահել են ավելի բարձր գներից, բայց կախված չեն գազից: Այն նաեւ ներառում է միջոցներ, որպեսզի՝ հանածո վառելիքի ընկերություններին ստիպի կիսել էներգիայի վաճառքից ստացված անսպասելի շահույթը:
«Մեր ժամանակներում պատերազմից եւ մեր սպառողների հաշվին գերբարձր ռեկորդային եկամուտներ եւ շահույթներ ստանալը ճիշտ չէ»,- ասել է ֆոն դեր Լյայենը:
Ազգային կառավարությունները պատասխանատվություն կկրեն ավելցուկային եկամուտները փոխհատուցելու եւ դրանք այն միջոցառումներին վերաուղղելու համար, որոնք կարող են ներառել էներգիայի ծախսերի իջեցում:
ԵՄ պլանը չէր ներառում ռուսական գազի գները սահմանափակելու ավելի վաղ գաղափարը այն բանից հետո, երբ Ռուսաստանը նախազգուշացրեց, որ կարող է դադարեցնել վառելիքի բոլոր մատակարարումները, եթե այդպիսիք ներմուծվեն:
ԵՀ-ն հայտարարել է, որ դեռ ուսումնասիրում է ռուսական գազի գնի սահմանաչափերը եւ քննարկում է գազի գնի ավելի լայն սահմանաչափերի գաղափարը։
Եվրոպայում գազի բազային գինը բարձրացել է մինչեւ 208 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար, ինչը զգալիորեն ցածր է օգոստոսին 343 եվրոյի ռեկորդից, բայց ավելի քան 200 տոկոսով բարձր է, քան մեկ տարի առաջ:
«Ամիսների աշխարհաքաղաքական վեճերը հանգեցրել են եվրոպական գազի շուկայի ցնցումների, իսկ գների անկայունության պատճառը առաջարկի բացակայությունն է, շուկային հնարավոր միջամտությունը եւ ավելի լայն անորոշությունը»,- ասել է Rystad-ի վերլուծաբան Ցզունցյան Լուոն:





























