Ջո Բայդենի վարչակազմը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Լին Թրեյսիի թեկնածությունն է առաջադրել, հայտնում է AP-ն։
Վարչակազմի պաշտոնյաները, որոնք ծանոթ են այդ հարցին, ասում են, որ Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Լին Թրեյսին կներկայացվի Սենատին, հենց որ ՌԴ կառավարությունը հաստատի այդ ընտրությունը: Դեսպանների թեկնածությունները պետք է հաստատվեն ընդունող կառավարության կողմից՝ դիվանագիտական արարողակարգի կանոնների համաձայն:
Ռուսաստանը մի քանի շաբաթ առաջ է տեղեկացվել վարչակազմի որոշման մասին, սակայն դեռեւս չի տվել պաշտոնական հաստատում, որը դիվանագիտական լեզվով հայտնի է որպես «ագրեման»,- ասել են պաշտոնյաները:
Թրեյսին, որը տիրապետում է ռուսերենին, նախկինում Պետդեպարտամենտում աշխատել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյում՝ որպես Ռուսաստանի գծով ավագ խորհրդական, ինչպես նաեւ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը առաքելության ղեկավարի տեղակալ է եղել: Նա նաեւ մի քանի պաշտոններ է զբաղեցրել Կենտրոնական եւ Հարավային Ասիայում:





























