Սպառազինության տարբեր տեսակներ ունեն իրենց առանձնահատկությունները: Հարցը միայն այն է, թե որտեղ եւ ինչպես դրանք ավելի արդյունավետ օգտագործել: Այս մասին սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը, նրա կարծիքով, այն մարդը չէ, որը պետք է զանգահարի Գլխավոր շտաբ ու ցուցումներ տա, թե ինչով կրակել, ինչ բարձրացնել օդ։ Մասնավորապես, նա խոստովանեց, որ սաղավարտների եւ զրահաբաճկոնների անբավարարության խնդրի մասին առաջին անգամ իմացել է 44-օրյա պատերազմի սկսվելուց հետո։ Վարչապետն անդրադարձավ նաեւ բանակի կարիքների մասին իր անտեղյակության հետ կապված քննադատություններին։

«Կներեք, բայց վարչապետը պարտավոր չի կարդալ մի քանի հարյուր էջանոց փաստաթուղթ եւ ասել. «Օհ, Աստված։ Ի՞նչ է գրված այստեղ»: Դրա համար կան համապատասխան գերատեսչություններ, որոնք որոշումներ են կայացնում։ Իմ վարչապետության օրոք բանակի ֆինանսական բոլոր խնդրանքները կատարվել են»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ՌՕՈՒ-ն է, որ պետք է որոշի, թե ինչ ռազմական ավիացիա պետք է ձեռք բերել։ Դա անելու համար նրանք պետք է գնահատեն իրենց կարիքները:

«Ո՛չ վարչապետը, ո՛չ գլխավոր շտաբի պետը չեն կարող այնքան լավ իմանալ ռազմական ավիացիան, որ միանձնյա որոշում կայացնեն ՍՈՒ-30ՍՄ-ի գնման վերաբերյալ»,- հավելեց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նաեւ նշեցէ, որ երբ Զինված ուժերն իրեն ներկայացրել են առաջիկա 10 տարվա սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնման պլանը (ընդհանուր առմամբ 12 մլրդ դոլար), ինքը միայն պատասխանել է, որ այդ միջոցները կգտնվեն։

«Երբ ինձ ասացին, որ բանակում սնունդ կազմակերպելու համար 15 միլիարդ դրամ է անհրաժեշտ, ես ասացի՝ կտանք։ Բացի այդ, 100 մլն դոլար մենք տվել ենք ինքնաթիռներ գնելու համար։ Արկեր գնելու համար՝ նույնպես կտանք։ Ուրիշ բան, որ հիմա պարզվում է, որ ինչ-որ մեկը, ստանալով այս գումարը, սրբել է 1973-ի արկերի փոշին ու բերել ՊՆ պահեստներ։ Համենայնդեպս այդ մասին են վկայում գործի նյութերը։ Սակայն մենք անմեղության կանխավարկածը չենք խախտի»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այս թանկարժեք ինքնաթիռները 44-օրյա պատերազմի ժամանակ կանգնած են եղել անգարներում՝ հրթիռների բացակայության պատճառով։