Մայր Աթոռից MediaHub-ին հաստատել են, որ նախօրեին կայացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հանդիպումը:

«Այո, սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին։ Հանդիպմանը քննարկվել է պատգամավորի կողմից հանրայնացված առաջարկը՝ առկա իրավիճակի հանգուցալուծման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ նախկին նախագահների համախմբման վերաբերյալ»,- կայքին ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նա հավելել է, որ Ամենայն Հայոց Հայրապետն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը: