Ադրբեջանական ագրեսիայի առաջին օրը հակառակորդը Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի սահմանի երկայնքով մի հատվածում առաջխաղացում է ունեցել։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։
Նա հավելեց, որ ադրբեջանական դիրքերը ճանապարհով գյուղից մեկ, մեկուկես կմ հեռավորության վրա են, ուղիղ գծով՝ ավելի կարճ։
Ներքին Հանդից կանայք եւ երեխաները տարհանվել են, իսկ տղամարդիկ գյուղում են։ Խաչատուր Բաղդասարյանի խոսքով՝ երկու օր է՝ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի, Կապանի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաեւ ԱԹՍ-ներ»: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 15–ին, կեսգիշերն անց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն։ Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Սեպտեմբերի 14–ին, ժամը 17։00–ի դրությամբ, հայկական կողմը հաստատված 105 զոհ ունի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։





























