Ջերմուկում առողջարանները ռազմական գործողությունների առաջին ժամերից սկսած չեն գործում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի տուրիզմի զարգացման կենտրոնի տնօրեն Նարեկ Միրզոյանը։

«Աշխատանքները դադարեցվել են, քանի որ զբոսաշրջիկները սեպտեմբերի 13-ի գիշերը լույս 14-ին լքել են առողջարանները։ Հյուրանոցների կողմից կազմակերպվել է նաեւ տարհանում։ Այցելուների մի մասը տեղափոխվել են Վայք, մի մասը՝ Երեւան»,- ասաց Նարեկ Միրզոյանը։

Կենտրոնի տնօրենը նշեց, որ առայժմ տեղեկություններ չկան, թե երբ կվերաբացվեն առողջարանները։

NEWS.am-ին Ջերմուկի համայնքապետի տեղակալ Վարդան Սարգսյանն ասաց, որ քաղաքում էլեկտրամատակարարումը վերականգնվել է, գազամատակարարումը՝ ոչ։

«Արմենպրես»-ը հայտնում է, որ մարտական գործողությունների հետեւանքով Ջերմուկ քաղաքում վնասվել է երեք հյուրատուն, մեկ առողջարան, ճոպանուղին, հարակից շենքերից մեկը եւ սրճարանը` այդ թվում ԱԻՆ-ի շենքը: Հրթիռ է արձակվել նաեւ Ջերմուկի առողջարանի եւ գազի խողովակի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 105 զոհ եւ ավելի քան 100 վիրավոր, վիրավորներից վեցը քաղաքացիական անձինք են։