Հայաստանի զինված ուժերը հնարավորություն ունեն ստուգելու սահմանին զորքերի կուտակման մասին ցանկացած տեղեկություն։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործվեն բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ նոր հնարավոր հարձակումը կանխելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ չպետք է կորցնել զգոնությունը։

Իր հերթին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախօրեին՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի ընթացքում, արվել են շատ կարեւոր, հասցեական հայտարարություններ, եւ հստակ գնահատական է տրվել ստեղծված իրավիճակին։ «Հուսով ենք, որ ագրեսորի վրա միջազգային հանրության ճնշումը վերջ կդնի նրա անընդունելի գործողություններին»,-ասաց Հովհաննիսյանը։