Հայաստանը նախկինի պես ներգրավված է բանակցային գործընթացում, այդ թվում սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցով աշխատանքային խումբն աշխատում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր դիրքորոշումը շատ հստակ է, որ մենք, այո, բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկելու ենք կարգավորումների, տևական կայունության և խաղաղության հասնելու համար և սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության առումով ուզում եմ ընդգծել, որ մեզ համար անընդունելի է այդ գործընթացը տարածքային պահանջներ և նկրտումներ առաջադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ: Էլի եմ ասում՝ ՀՀ-ն 29 800 քառակուսի կիլոմետր տարածք ունի և այդ տարածքի որևէ միլիմետրը քննարկման առարկա լինել չի կարող»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ դիրքորոշումը որևէ հանգամանքի ներքո փոփոխության ենթակա չեն»,-հայտարարեց նա:











