Գերմանիայի կառավարությունը պատրաստ է վերանայել ռազմական արտահանման կանոնները, որոնք ազդում են համատեղ պաշտպանական նախագծերի վրա, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է Reuters-ը։

«Ինչ-որ մեկը կարող է զարմանալ, բայց Գերմանիայի կառավարությունը պատրաստ է դա անել», - ասել է նա Բեռլինում՝ նկատի ունենալով համատեղ արտադրված պաշտպանական տեխնիկայի արտահանման վերաբերյալ ազգային վերապահումները եւ կանոնակարգերը, որոնք նախկինում խոչընդոտել են համագործակցությունը եվրոպական եւ այլ գործընկերների հետ։

Նրա խոսքով՝ Գերմանիան պատրաստ է առաջնորդի դեր ստանձնել Եվրոպայի անվտանգության ապահովման գործում։ «Բունդեսվերը պետք է դառնա Եվրոպայում ոչ միջուկային պաշտպանության հիմքը եւ ամենալավ զինված բանակը Եվրոպայում»,- ​​ասել է Շոլցը, հայտնում է DW-ն։

Ըստ Շոլցի՝ դա անհրաժեշտ է Ռուսաստանի կողմից «սպառնալիքի» ֆոնին։ «Պուտինյան Ռուսաստանն այժմ ամենամեծ սպառնալիքն է ՆԱՏՕ-ի համար: Ուկրաինայի դեմ պատերազմի միջոցով մինչեւ ատամները զինված միջուկային տերությունը փորձում է վերագծել սահմանները Եվրոպայում: Եթե ​​Ռուսաստանը հասնի իր նպատակին, ապա Եվրոպայում խաղաղությունը երկար ժամանակով կկորչի»։

Շոլցն ընդգծել է, որ Գերմանիայի զինված ուժերը պետք է վերադառնան իրենց հիմնարար գործին՝ երկրի պաշտպանությանը եւ ՆԱՏՕ-ին։ «Մեր երկիրը երկար ժամանակ խուսափում էր բունդեսվերի համար իրական առաջնահերթություններ դնելուց: Հորատանցքեր հորատելը, մարդասիրական օգնությունը պաշտպանելը, ջրհեղեղների հետևանքները հաղթահարելը, համաճարակի ժամանակ պատվաստումներին օգնելը, այս ամենը հնարավոր է այնպիսի լավ բանակի համար, ինչպիսին Բունդեսվերն է: Բայց դա նրա հիմնական խնդիրը չէ, նրա հիմնական խնդիրն է պաշտպանել ազատությունը Եվրոպայում»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Նա Եվրոպային կոչ է արել շատ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել ՆԱՏՕ-ում եւ կրկին խոստացավ, որ Գերմանիան կկատարի իր ՀՆԱ-ի երկու տոկոսը պաշտպանական կարիքներին տրամադրելու իր պարտավորությունը։

Օլաֆ Շոլցը նաեւ կողմ է հանդես եկել նոր սպառազինության համակարգերի մշակման ոլորտում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համագործակցության ամրապնդման օգտին։ Նա իր պատրաստակամությունն է հայտնել մեղմել Գերմանիայում արտահանման խիստ սահմանափակումները, որոնք, ըստ քննադատների, խոչընդոտում են այդպիսի համագործակցության ընդլայնմանը։