Երեւան մեր այցի նպատակը վերջին իրադարձություններն են, մեր միասնական հայրենիքի նկատմամբ լուրջ մարտահրավերները, որոնք վտանգ են ներկայացնում հայկական պետականության նկատմամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Հայաստանի ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ազատ Հայրենիք ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:
«Մենք հանդիպումներ ունեցանք տարբեր ձեւաչափերով ԱԺ նախագահի, ԱԳ նախարարի, ԱԺ երեք խմբակցությունների հետ, եւ օրակարգը հենց դա է եղել: Մենք փորձեցինք նաեւ ստանալ պարզաբանումներ ստեղծված իրավիճակը եւ հետագա քայլերի մասով:
Իհարկե, այստեղ կային որոշակի մտահոգություններ կապված նրա հետ, թե արդյոք թուղթ կա ստորագրելու, թե չկա: Կա՞ այսօր սեղանին դրված որեւէ փաստաթուղթ, թե ոչ: Մեր քննարկումների ընթացքում պարզաբանումներ ստացանք, որ Ադրբեջանը ներկայացրել է 5 կետանոց թուղթ, որի հիման վրա պետք է լինի «խաղաղության պայմանագիր», որը ըստ իս, չի չի կարող տարածաշրջանում ապահովել խաղաղություն ու կայունությունը, որը մենք պատկերացնում ենք: Դա միակողմանի, պարտադրված խաղաղություն պետք է լինի, որը չենք կարծում, թե խաղաղության է բերելու: Այնտեղ կա նաեւ առաջարկություններ Հայաստանի կողմից, որը, ըստ քննարկումների, Ադրբեջանը չի ընդունում»,-ասաց նա:
Արթուր Հարությունյանը նշեց, որ ԼՂ հիմնահարցը պետք է դուրս լինի այս ամենից, ԼՂ հիմնահարցը պետք է կարգավորում ստանա ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակներում, որն այսօր միակ ճանաչված միջազգային ձեւաչափն է. «Այսինքն դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որեւէ կապ չունի, որովհետեւ 1991-ին բոլոր միջազգային իրավանորմերի համաձայն Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, որը կատարվել է հանրաքվեի միջոցով, այնուհետեւ Սահմանադրության ընդունմամբ: Իհարկե, այս ուղղությամբ աշխատանքներ կան տանելու, բայց հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, որը իրացվել է 1991-ին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանում կայացած հանդիպումներին, Արթուր Հարությունյանը դրանք կառուցողական գնահատեց, որոնց ընթացքում մտքեր են փոխանակել հետագա անելիքների, քայլերը սինխրոն իրականացնելու վերաբերյալ:
Հարցին, թե արդյոք Ադրբեջանի հարձակումը ճնշում չէ՞, որ պարտադրի Հայաստանին ստորագրել այդ «խաղաղության պայմանագիրը», նա պատասխանեց. «Ադրբեջանը այդ 5 կետերի հիման վրա խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո անգամ չի ապահովելու խաղաղություն: Այսինքն այդ փաստաթուղթը չի կարող ապահովել խաղաղություն, որովհետեւ Ադրբեջանի այդ ագրեսիվ պահվածքը, նաեւ Թուրքիայի հովանավորությամբ այդ գործողությունները, որոնք այսօր իրականացվում են, աշխարհում ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումները, տարբեր խաղացողների տարբեր շահերի չհամընկնելու դեպքում, Ադրբեջանը, բնականաբար, չի համաձայնելու: Այդ խաղաղության պայմանագրից հետո մի ուրիշ բան է լինելու, նորից նոր առաջարկություն, պարտադրանք: Այո, այս ագրեսիայի նպատակն է Հայաստանին պարտադրել իրենց ուզած խաղաղությունը, բայց խաղաղության պարտադրում չի լինում: Խաղաղության պարտադրում լինում է բանակցային գործընթացի շրջանակներում, երկկողմանի համաձայնեցված փաստաթղթի տակ ստորագրելուց հետո»:











