«Արդշինինվեստբանկ» փակ  բաժնետիրական  ընկերության «Վարդենիս» մասնաճյուղի  նախկին աշխատակիցներ`  կառավարիչ  Արմեն  Բաղդասարյանն ու   մասնագետ Հովհաննես Համբարձումյանը նախնական համաձայնության  գալով անհատ ձեռնարկատեր  Խաչատուր Շաբոյանի ու «Վասարաթ» սահմանափակ  պատասխանատվությամբ  ընկերության տնօրեն  Հովիկ Խաչատրյանի հետ, 2006-2007 թվականների ընթացքում, առանց բանկի  մասնաճյուղի  վարկառուների գիտության`  նրանց նկատմամբ կեղծ  փաստաթղթեր  են  կազմել ու 95 միլիոն 788 հազար դրամ եւ 27 հազար 616  դոլար գումարի  կենցաղային տեխնիկայի ձեռք բերման պատրվակով  ապառիկ վարկ հատկացնելու վերաբերյալ  պայմանագիր կնքելով`  նշված գումարը մաս-մաս  փոխանցել կենցաղային տեխնիկայի  վաճառքով զբաղվող «Խ. Շաբոյան» առեւտրային ձեռնարկության եւ  «Վասարաթ» ՍՊԸ-ի  հաշվեհամարներին, կանխիկացրել եւ տնօրինել են:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված հանցավոր արարքը կատարելու համար Արմեն  Բաղդասարյանն ու Հովիկ Խաչատրյանը դատապարտվել են, իսկ   Վարդենիս քաղաքի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Գագիկի Համբարձումյանը, ում հանցավոր  արարքները  քրեական օրենսգրքի 179 եւ 190 հոդվածների հատկանիշներով են, դատաքննությունից խուսափելու  համար  դիմել է փախուստի:  Նրան հայտնաբերելու համար ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից  հայտարարվել է հետախուզում:

Իրավապահները Հովհաննես Համբարձումյանի գտնվելու վայրի մասին  տեղեկություն ունեցողներին  խնդրում են դիմել  ոստիկանության Վարդենիսի կամ մոտակա բաժին: