Վերջին պատերազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության նկատմամբ հանցագործությունների եւ բռնությունների մասին մտահոգիչ հաղորդումներ են ստացվում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Անցյալից դեպքերը եւս քննարկում են պահանջում, բայց ոչ մի դեպքում դրանք չեն կարող արդարացում դառնալ։ Մարդու իրավունքների խախտման եւ ռազմական հանցագործությունների մասին բոլոր մեղադրանքները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները` պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է նա։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաեւ հայտնել է Բաքվում, Երեւանում եւ Բրյուսելում հրատապ հանդիպումներից հետո Բրյուսել վերադառնալու մասին։
«Շատ խնդիրներ կան, բայց հույս կա, որ հրադադարը կշարունակվի։ Պետք է վերադառնալ բանակցություններին»,- գրել է Կլաարը։
«Մենք շարունակում ենք աշխատել ամենաբարձր մակարդակով, եւ մեր նպատակն է մնում օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին համապարփակ եւ կայուն համաձայնության հասնել, որը կապահովի Հարավային Կովկասի կայունությունը, անվտանգությունը եւ բարգավաճումը»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Միրզոյանը Տոյվո Կլաարին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական զինուժի նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը եւ Հայաստանի ձեռնարկած քայլերն ագրեսիայի կասեցման ուղղությամբ.





























