Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով սույն թվականի օգոստոսի 26-ին ձերբակալվել է Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար, ոստիկանության գնդապետ Ստեփան Կարախանյանը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:
ՀՔԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատարը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, Հայաստանի մարզերում ոստիկանության աշխատանքները կազմակերպելու համար իր ենթակայության տակ գտնվող առանձին վաշտերին հասանելիք եւ իրեն վստահված շուրջ 277 հազար լիտր բենզինից ըստ նպատակի հատկացրել է 121 հազար լիտրը, իսկ տարբերությունը՝ յուրացրել:
Ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում օգոստոսի 25-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կազմվել էր քննչական խումբ, եւ կատարվում է նախաքննություն:




























