Իշխող կոալիցիան հայտարարություն է տարածել, որում պատասխանել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի` այսօր տարածած հաղորդագրությանը:

Կոալիցիայի աշխատանքային խմբի հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է.

«Ցավով ծանոթացանք երկխոսության ընթացքի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի հայտարարությանը. ցավով, որովհետեւ այն նախ եւ առաջ հարվածեց` մինչ օրս համատեղ աշխատանքի ընթացքում մեր գործընկերների հանդեպ ձեւավորված վստահությանը. մի բան, որ իրապես ձեռքբերում էինք համարում: Մենք ցավում ենք ոչ այնքան նրա համար, որ դուք ստում եք, այլ նրա համար, որ մենք սկսել ենք ձեզ չհավատալ:

Մենք` քաղաքական կոալիցիան ներկայացնող աշխատանքային խմբի անդամներս, չենք առաջնորդվի ՀԱԿ-ի որդեգրած գործելաոճով եւ ՀԱԿ պատվիրակությանը չենք վերագրի հորինված պարտավորություններ: Իսկ ակնհայտ ստին կպատասխանենք ընդամենը մեջբերում անելով օգոստոսի 23-ի հանդիպումից անմիջապես հետո մեր աշխատանքային խմբի ղեկավարի խոսքից. «Ի պատասխան հարցին՝ արդյոք աշխատանքային խումբը խոստացե՞լ է, որ Տիգրան Առաքելյանն ազատ կարձակվի, պարոն Հարությունյանն ասաց. «Ես արդեն ասացի՝ մենք իրավական պրոցեսին ամենեւին չենք ներգրավվում, ընթանում է քաղաքական գործընթաց, մենք ընդամենը դիտարկել ենք, թե ինչ է տեղի ունենում մեր իրավական համակարգում, եւ վստահություն ենք հայտնել, որ այն ինչպես գործել է, այդպես էլ շարունակելու է գործել` բոլորի նկատմամբ ոչ խտրական» /«Առավոտ», 24.08.2011թ./: Սա հենց այն դեպքն է, երբ մեկնաբանությունները պարզապես ավելորդ են:

Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, այսօր եւս կրկնում ենք նույնը. միջադեպին մասնակցած երիտասարդի հարցը մենք չենք կապել, չենք կապում եւ չենք էլ կապելու այս կարեւոր քաղաքական գործընթացի հետ, քանզի այն ամբողջովին իրավական հարթությունում է:

Մենք, ինչպես միշտ, պատրաստ ենք աշխատել մեր երկրում առկա ու մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծման ուղղությամբ եւ շարունակում ենք բաց լինել ցանկացած կառուցողական առաջարկության շուրջ երկխոսության համար: Հույս ունենք, որ մեր գործընկերները կկարողանան վեր կանգնել այսպահային գայթակղություններից, եւ մենք հնարավորինս շուտ կկարողանանք շարունակել մեր երկրի համար կարեւոր քաղաքական գործընթացը»:

Նշենք, որ այսօր պետք է կայանար Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության պատվիրակությունների բանակցությունների 7-րդ փուլը, սակայն առավոտյան կառավարությունների տուն է ժամանել միայն ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը եւ հայտնել, որ ՀԱԿ-ը նպատակահարմար չի համարում մասնակցել հանդիպմանը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե Կոնգրեսը առկախում է երկխոսությունը, քանի դեռ չի փոխվել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը: