Շվեյցարիան պաշտոնապես ԱՄՆ-ից երեք տասնյակ F-35 կործանիչների գնման պայմանագիր է ստորագրել՝ Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի պլանավորված արդիականացման շրջանակներում, հայտնում է AP-ն։
Շվեյցարական սպառազինության ծառայության ղեկավարը եւ F-35A ծրագրի տնօրենը պայմանագիր են ստորագրել ինքնաթիռների գնման մասին, որոնք կմատակարարվեն 2027-2030 թթ․՝ 6 միլիարդ շվեյցարական ֆրանկից մի փոքր ավելի արժեքով։
Նախատեսվող գնումն արդեն ստորագրել է Միացյալ Նահանգները, որտեղ գտնվում է Lockheed Martin արտադրողի գլխամասային գրասենյակը, ասվում է Շվեյցարիայի կառավարության հայտարարության մեջ։ Գնումների ծախսերը կներառեն կոնկրետ առաքելության համար սարքավորումներ, զենք եւ զինամթերք, ինչպես նաեւ նյութատեխնիկական ապահովում, առաքելության պլանավորում եւ վերապատրաստման աջակցություն:
Ընդդիմախոսներն ասում են, որ այս ինքնաթիռները չափազանց թանկ են եւ շվեյցարական անվտանգության ծառայությանը չափազանց սերտորեն կապելու են Միացյալ Նահանգների հետ եւ չեն համապատասխանում Շվեյցարիայի կարիքներին: Շվեյցարիայի ռազմաօդային ուժերը նման կործանիչները հիմնականում օգտագործում են եվրոպական երկնքում օդային պարեկության, այլ ոչ թե արտասահմանյան հակամարտությունների համար։
Երկրի սահմանադրության մեջ նշվում է, որ Շվեյցարիան չեզոք երկիր է, ինչը սահմանափակում է արտաքին հակամարտություններին մասնակցելու նրա հնարավորությունը։





























