Իրանի հարավային Հորմոզգան նահանգում «Սու-22» ռմբակոծիչ է կործանվել։ Օդաչուն բարեհաջող կատապուլտացվել է, հայտնում է Tasnim-ը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերին պատկանող ռուսական արտադրության կործանիչ-ռմբակոծիչում տեխնիկական խնդիրներ են ծագել, երբ նա գործողություն իրականացնելիս է եղել հարավային նահանգում։

Օդաչուի հմուտ արձագանքի շնորհիվ հաջողվել է ինքնաթիռն ուղղել դեպի ոչ բնակելի տարածքներ։ Օդաչուն ինքը հաջող վայրէջք է կատարել՝ կատապուլտի նստարանի համակարգն ակտիվացնելուց հետո։

Նույն կործանիչի նմանատիպ վթար տեղի էր ունեցել օգոստոսին՝ Ֆարս նահանգում։

Ավելի վաղ՝ մայիսին, Իրանի ռազմաօդային ուժերի F-7 ռմբակոծիչը կործանվել էր կենտրոնական Սպահան քաղաքի մոտ, ինչի հետեւանքով երկու օդաչուները զոհվել էին։