Շուտով Չինաստանից Իրան ուղիղ երկաթուղի կգործարկվի։ Այս մասին հայտարարել է Ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարության կոմերցիայի հարցերով բաժնի գլխավոր տնօրեն Ամին Տարֆան՝ հավելելով, որ դա կարող է դրական խթան հանդիսանալ Շանհայի համագործակցության կազմակերպությանն աջակցելու եւ անդամակցությունն ամրապնդելու համար, փոխանցում է ԻՌՆԱ-ն։

Նրա խոսքով, Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին կարող է հող նախապատրաստել երկրների միջեւ տնտեսական կայունություն ստեղծելու եւ առեւտրային ներուժն ավելացնելու համար։ «Երբ երկրների միջեւ առեւտրի ծավալն ավելանա, տրանսպորտն ու տարանցումը նույնպես կավելանան»,- հավելել է նա։ «Չինաստանի հետ համագործակցության ընդլայնմանը համահունչ՝ մենք փորձում ենք վերականգնել Չինաստանից Իրան ուղիղ երկաթուղին, որը սկսվում է Շանհայից»,- ասել է նա։