Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) հայ համայնքի անվտանգության ապահովման համար որոշակի միջոցառումներ է ձեռնարկել այն տեղեկություններից հետո, թե Մոսվկայում օգոստոսի 28 -ին, ֆուտբոլային մրցաշարից հետո աջարմատական ուժերի անդամները պատրաստվում են անկարգություններ հրահրել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌՀՄ երիտասարդության հարցերով փոխնախագահ Լեւոն Մուկանյանը:
«ՌՀՄ-ն նույնպես ակտիվ մասնակցություն է ունենալու զանգվածային անկարգությունների կանխարգելման միջոցառումներին` Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին ֆուտբոլային խաղերի օրերին զգուշացնելով ցուցաբերել զգոնություն եւ տուրք չտալ որեւէ տեսակի սադրանքի»,-հայտարարեց Մուկանյանը` նշելով, որ շատ հաճախ սոցիալական ցանցերում ազգամիջյան երկպառակություն սերմանվում է անանուն օգտվողների կողմից, որոնց նպատակը զանգվածային անկարգություններ հրահրելն է:
Մուկանյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ուսանող Իվան Ագաֆոնովի սպանությունը, որում մեղադրվում է Ռասուլ Միրզաեւը, ազգային պատճառ չունի, այլ ավելի շատ կատարվել է կենցաղային հողի վրա. «Սակայն սադրիչ ծայրահեղականները, բնականաբար, օգտագործում են այն` ֆուտբոլասերների միջեւ զանգվածային անկարգությունների համար: Երբ շատ ժողովուրդ է հավաքված, անկարգություն հրահրելն ավելի հեշտ է դառնում»:
ՌՀՄ ներկայացուցիչը նաեւ նշեց, որ համապատասխան կանխարգելիչ քայլեր է ձեռնարկում նաեւ Ռուսատանի ՆԳՆ-ն: Շաբաթ եւ կիրակի մարզադաշտի մոտ գտնվելու են մի քանի հազար ոստիկաններ` երկրպագուների անվտանգությունն ապահովելու հմար: Այդ օրերին Ռուսաստանի մայրաքաղաքում նույնպես ձեռնարկվելու են անվտանգության խստացված միջոցառումներ:
Նշենք, որ ռուսաստանյան ԶԼՄ-ներում տեղեկություններ կային, թե 19- ամյա ուսանող Իվան Ագաֆոնովի սպանության մեջ կասկածվող սամբիստ Ռասուլ Միրզաեւին կալանքի տակ պահելը կարող է բացատրվել հատուկ ծառայությունների` Մոսկվայում սպասվող խոշոր անկարգությունների վերաբերյալ մտահոգությամբ:
Աջարմատական ուժերի ներկայացուցիչները պատրաստվում են անկարգություններ հրահրել անցած տարի դեկտեմբերին Մանեժի հրապարակում կատարված իրադարձությունների սցենարով, երբ մի քանի հազար ֆուտբոլասերներ ազգայնական պաստառներով դուրս եկան չարտոնված ակցիայի` բողոքելով մոսկովյան «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի եւ նրա ընկերների վրա հարձակված դաղստանցիներին բաց թողնելու դեմ:




























