Ոգեշնչված մեզ ցուցաբերած ընդունելությունից՝ մեր պատվիրակությունը վերադառնում է Վաշինգտոն՝ հպարտ եւ պատրաստ առաջ մղելու ժողովրդավարական Հայաստանին եւ Կովկասի անվտանգ ու խաղաղ տարածաշրջանին Կոնգրեսի վաղեմի հավատարմությունը: Այս մասին ասված է Երեւան կատարած այցի արդյունքներով Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարության մեջ։
«Կոնգրեսի պատվիրակությունը մեկնեց Հայաստան՝ ժողովրդավարության եւ ավտոկրատիայի միջեւ պայքարի կարեւոր ճակատ: Երեւանում մեր հանդիպումների ժամանակ մենք մեր վճռական աջակցությունը հայտնեցինք Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգությանը, հատկապես Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո։ Մեր այցը պլանավորվել էր սեպտեմբերի 12-ին ռազմական գործողությունների սկսվելուց առաջ։
Պատվիրակության անդամների՝ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեի, Աննա Էշուի եւ Ջեքի Սփեյերի հետ մենք սկսեցինք մեր այցը Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելով։ Այնտեղ մենք աղոթեցինք 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար, որոնք սպանվել են Ցեղասպանության ժամանակ։ Կոնգրեսը ձգտում է նրան, որ ցեղասպանության մասին ճշմարտությունը երբեք չջնջվի, այդ իսկ պատճառով մենք 2019 թվականին ընդունեցինք Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին օրենքը, ինչը կրկնեց նախագահ Ջո Բայդենը՝ պաշտոնապես ճանաչելով այն անցյալ տարի: Ինձ համար պատիվ է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պարգեւատրված լինել դեսպան Հենրի Մորգենթաուի մեդալով, որը ես ընդունել եմ Կոնգրեսի անունից՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ իրազեկման բարձրացմանն ուղղված մեր աշխատանքի համար:
Մեր պատվիրակությունը պատիվ ունեցավ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Այս հանդիպումները նախատեսում էին մտքերի փոխանակում Հայաստանում եւ տարածաշրջանում կայունությունը, խաղաղությունն ու բարգավաճումը առաջ տանող քաղաքականության եւ գործողությունների վերաբերյալ:
Այնուհետեւ մեր պատվիրակությունը կլոր սեղան անցկացրեց քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ, որոնք ներկայացրեցին իրենց ժողովրդի մտահոգություններն ու կարիքները այս դժվարին պահին եւ լույս սփռեցին իր ժողովրդավարության եւ անվտանգության համար Հայաստանի պայքարի վրա: Ես պատիվ ունեցա դիմելու այս առաջնորդներին՝ ելույթ ունենալով Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, որը հայկական մշակույթի գոհար է, որտեղ ես հստակ հայտարարեցի Հայաստանին Ամերիկայի նվիրվածության մասին:
Ավելի ուշ հանդիպեցինք խորհրդարանական ընդդիմության առաջնորդների հետ։ Չնայած ներքին քաղաքականության շուրջ տարաձայնություններին՝ նրանք հստակ համաձայն են, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան։
Ոգեշնչված մեզ ցուցաբերած ընդունելությունից՝ մեր պատվիրակությունը վերադառնում է Վաշինգտոն՝ հպարտ եւ պատրաստ առաջ մղելու ժողովրդավարական Հայաստանին եւ Կովկասի անվտանգ ու խաղաղ տարածաշրջանին Կոնգրեսի վաղեմի հավատարմությունը»:





























