Աբխազիայի նախագահի թեկնածու, փոխնախագահ եւ նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբը նախնական տվյալներով հավաքում է 51%-ից ավելի, հայտնել է Աբխազիայի ԿԸՀ անդամ Մարինա Շանավան: «Սրանք Սուխում քաղաքի տվյալներ են, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը հազիվ թե փոխվի»,-նշել է Շանավան:
Նա տեղեկացրել է, որ ստացած ձայների քանակով հաջորդը Ռաուլ Հաջիմբան է` 30-32%-ով, իսկ վարչապետ Սերգեյ Շամբան երրորդն է` 16-18%-ով:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, քվեարկության արդյունքների վերաբերյալ Անկվաբն իր տվյալներն է հրապարակել: Ըստ նրա` հանրապետությունում ընդհանուր առմամբ քվեարկել է մինչեւ 100 հազար ընտրող: Նրանցից Ալեքսանդր Անկվաբի օգտին` ավելի քան 57 հազար, Սերգեյ Շամբայի օգտին` ավելի քան 21 հազար, Ռաուլ Հաջիմբայի օգտին` 20 հազար: Սրանք, սակայն, վերջնական տվյալները չեն: Նա նաեւ ավելացրել է, որ իր շտաբի տեղեկություններով, երկրորդ փուլ չի լինի:
Աբխազիայի նախագահական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է օգոստոսի 26-ին, ժամը 20.00-ին:




























