Կարծում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումները ինչ-որ մակարդակով կարող են շարունակվել, բայց դժվար է ասել՝ իրավիճակի սրում կլինի, թե՝ ոչ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը։
Նա նկատեց, որ կողմերի միջեւ անընդհատ լարվածություն կա, եւ ժամանակ առ ժամանակ այն վերածվում է լուրջ սրման, ինչպես եղավ վերջերս։
Հակամարտության հետեւանքով հարյուրավոր զինծառայողներ են զոհվել, ինչն այդքան էլ նման չէ տեղային կոնֆլիկտի։
«Հայերը չփորձեցին հարձակվել եւ ազատագրել Շուշին, իսկ ադրբեջանցիները կարծես թե չեն պատրաստվում գնալ Երեւան եւ այնտեղ թելադրել պատերազմն ավարտելու պայմանները։ Թվում է, թե կողմերից ոչ մեկը որոշիչ նպատակներ չի դրել, բայց որոշ միջանկյալ նպատակներ դրվել են»,-հավելեց փորձագետը։
«Ապագայում սրման աստիճանը կախված կլինի կողմերի ծրագրերից, քաղաքական մտադրություններից, բայց ընդհանուր առմամբ, նման բախումներն այդքան արագ չեն ավարտվում, հատկապես, որ իրականում քաղաքական որոշումներ չեն կայացվել»,-ընդգծեց փորձագետը։
Նա հիշեցրեց, որ կոնֆլիկտն ինքնին շարունակվում է 1980-ականների կեսերից, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը։
Բոլոր լուրջ խնդիրները, նրա խոսքով, մնում են չլուծված, ուստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումներն ապագայում անխուսափելի են։



























